«Փաստ»-ը գրում է․ «Մայիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ արգելափակվեցին դատարանների մուտքերն ու հայտարարվեց վեթինգի գործընթաց նախաձեռնելու մտադրության մասին, հեղափոխության թիմի շատ ներկայացուցիչներ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության վրա գործադրված ճնշումն արդարացնում էին վարչապետի ու նրա թիմի բարձր լեգիտիմությամբ ու հեղինակությամբ։ Ինքնին հասկանալի է, որ այս փաստարկը, մեղմ ասած, դեմագոգիկ է, որովհետև լեգիտիմությունը չի կարող ապօրինի գործողություններ նախաձեռնելու առիթ հանդիսանալ, ավելին՝ լեգիտիմությունը նույնիսկ կարող է կասկածի տակ դրվել կամ վերանալ, երբ այն կրողը դիմում է գործողությունների, որոնց իրավունքը նրան պատվիրակված չէ օրենսդրությամբ։
Մյուս կողմից՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները, մեղմ ասած, բացահայտեցին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն էական գահավիժում է ապրել, ու հասարակությունն առնվազն վերապահումով է մոտենում իշխանությունից եկող նախաձեռնություններին, թեև դա արդեն պարզ էր նույնիսկ մայիսի 20-ին, երբ դատարանների արգելափակման ակցիային մասնակցեցին երկու հազարը չգերազանցող քաղաքացիներ, որոնց զգալի մասը տարբեր կալիբրի պաշտոնյաներ էին։
Այս ոչ այնքան բարենպաստ համատեքստում անցումային արդարադատության գործիքների ներդրման ու վեթինգի գործընթացը շատ ավելի խնդրահարույց է դառնում։ Առաջին հերթին, իհարկե, այն պատճառով, որ իշխանության ներկայացուցիչները ոչ մի հայեցակարգային մոտեցում չեն ներկայացնում՝ միայն վերացական խոսելով այս կամ այն երկրի մոդելներից, ընդ որում՝ նույնիսկ չի ասվում, թե կոնկրետ դեպքերում ինչպիսի արդյունքներ են արձանագրվել։ Օրինակ՝ շատ է խոսվում, որ վեթինգի ալբանական մոդելն ամենակիրառելին կլինի Հայաստանում։ Միգուցե, սակայն հենց այդ մոդելի վերաբերյալ կան տարակարծություններ. միջազգային փորձագետների մի մասն ասում է, թե դրա շնորհիվ կոռուպցիան արմատախիլ արվեց դատական համակարգից, մյուսները պնդում են, որ վեթինգն Ալբանիայում տևական ժամանակ առաջացրել էր արդարադատության համակարգի վակուում։
Սակայն շատ ավելի հիմնավոր են հարցերը՝ պայմանավորված վեթինգ իրականացնելու, այսպես ասած, մոտիվների շուրջ։ Արդյո՞ք դրա նպատակն իրապես հասարակության վստահությունն ունեցող լեգիտիմ դատարաններ ունենալն է, թե՞ այնպիսի դատական համակարգ ստեղծելը, որը, խորհրդարանի օրինակով, կլինի գործադիր իշխանության, այսպես ասած, գրպանում։
Իշխանությունը վեթինգի անհրաժեշտության մասին խոսեց կոնկրետ քրեական գործից հետո, երբ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Կարծում եմ՝ դատական ռեֆորմը պետք չէր պայմանավորել կոնկրետ գործով կամ անձով, այս հանգամանքը թուլացնում է բարեփոխման ռացիոնալ համատեքստը ու լուրջ կասկածների տեղիք տալիս։
Մյուս կողմից՝ ՍԴ և ԲԴԽ անդամների թափուր տեղերի համալրման գործընթացը ցույց է տալիս, որ «քայլողները» փորձում են դատական բարձրագույն մարմինները համալրել յուրայիններով։ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը, անշուշտ, լավ իրավաբան է, սակայն նա քաղաքականապես չեզոք չէ, ինչը հիմնավորվում է նրա բազմաթիվ հարցազրույցներով։
ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը օրերս հայտարարել է, որ իրեն անսպասելի զանգահարել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից և առաջարկել դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Բայց արի ու տես՝ ԶԼՄ-ները «բացահայտել» են, որ նա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մտերիմ ընկերն է: Եթե ճիշտ են ԶԼՄ-ներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, ապա, այսպես կոչված, վեթինգի առաջին փուլն իրականացված կարող ենք տեսնել արդեն մոտ ապագայում։ Սակայն դա ամենևին էլ այն վեթինգը չէ, ինչի մասին հայտարարում էր Փաշինյանը, ավելի ճիշտ՝ դատական համակարգի «զտման» գործընթացը տեղի կունենա ՍԴ ու ԲԴԽ յուրային նախագահների «ուշադիր» հայացքի ներքո՝ դատական իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Եթե սրան հավելենք այն հանգամանքը, որ վարչապետի մայիսի 20-ի ելույթից հետո դատավորները շատ ավելի զգուշավոր են դարձել, ապա դժվար չէ կանխատեսել, որ նրանց առաջիկա որոշումները միանգամայն ներդաշնակ կլինեն գործադիր իշխանության ցանկություններին։ Կարելի է ասել՝ վեթինգն իրականացվեց՝ մինչև դրա օրենսդրական փաթեթավորումը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը