«168 Ժամ»-ը գրում է․ «Հայտնի ու պարզ ճշմարտություն է. բուժման ճանապարհին առաջին քայլը ճիշտ ախտորոշումն է: Արդյոք վերջին մեկ տարվա ընթացքում մեր տնտեսության հիվանդության դինամիկան ճի՞շտ է ախտորոշված: Բնավ ոչ: Հիշենք մի քանի սխալ ախտորոշման օրինակ:
Ինչի՞ց սկսեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Հայտարարությունից, որ հեղափոխությունն ինքնին բավարար է, որ ներդրողները իրար հերթ չտալով՝ գան ներդրումներ անելու: Այս ակնկալիքը ստեղծելուց գրեթե մեկ տարի անց Ն. Փաշինյանը խոստովանեց, որ հեղափոխությունը ներդրումներ ներգրավելու լավագույն «բրենդինգը» չէ:
«Փռենք ասֆալտին», «ծեփենք պատերին», «судью на мыло»: Այս մասին շատ է խոսվել, բայց արժե նորից հիշեցնել: Բիզնեսը նուրբ օրգանիզմ է: Պետության կոպիտ միջամտությունը նույնիսկ «արդար» նպատակներով, ծնում է վախ բիզնես-շրջանակներում: Իսկ վախը տնտեսական աճի ամենալուրջ խոչընդոտն է: Պարզ ասած՝ ձերբակալված բիզնեսմենի, հարկային վարչարարության խստացման ու ԱԱԾ-ով բռնոցի կազմակերպելու արդյունքում բյուջե բերած ամեն լուման զուգահեռաբար երկրից ու տնտեսությունից փախցնում է երկուսը: Ու խոսքը թե´ արտաքին, թե´ ներքին ներդրումների մասին է:
Մեկ այլ սխալ ախտորոշում էր տնտեսության «լավ» ու «վատ» ճյուղերի բաժանումը: «Չենք ուզում հանքարդյունաբերության մեջ ներդրումներ, ուզում ենք ներդրումներ բարձր տեխնոլոգիաներում»: Նախ՝ նման մեծամիտ բաժանումներ իրենց չեն կարող թույլ տալ նույնիսկ ամենահզոր երկրները, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, որոնք չեն հրաժարվում որևէ ներդրումից, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում: Երկրորդ. ներդրումները «ուզելով» չեն գալիս: Ներդրումներ արվում են երկրի մրցունակ ճյուղերում: Ու փոխանակ մրցունակ ճյուղերում որակյալ ներդրումներ ներգրավելու, կառավարությունը առաջին իսկ քայլերով, կոպիտ ասած՝ «վարի տվեց» ոլորտում միակ լուրջ արևմտյան ներդրումը, ու մնաց այլ ոլորտներում ներդրումների սպասելով, որոնք, հասկանալի պատճառներով, այդպես էլ չեկան ու չեն էլ գալու:
Իսկ որտեղի՞ց գիտեմ, որ չեն գալու: Կանխատեսումն իմը չէ, միջազգային վերլուծական կենտրոններինն ու վարկանիշային կազմակերպություններինն է: Այս շաբաթ երկու նման կենտրոն Oxford Analiytics-ն ու Fitch-ը, նման կանխատեսումներ են արել: Առաջինը գրել է, որ Հայաստանում քաղաքական ռիսկը բարձր է, և ներդրումների համար կորուստների հավանականությունը՝ մեծ, իսկ Fitch-ը կանխատեսել է ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազում ոչ միայն այս, այլև հաջորդ տարի: Միակ բանը, որ կարող է դրականորեն ազդել այս բացասական կանխատեսման վրա՝ Ամուլսարի շինարարության վերսկսումն է՝ ըստ Fitch-ի կանխատեսման: Իսկ սա նշանակում է, որ որևէ այլ լուրջ ներդրում չի կանխատեսվում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը