04 06 2019

Նիկոլ Փաշինյանը` որպես վարչապետ, այլևս չկա. ազատամարտիկ․ «Իրատես»

Նիկոլ Փաշինյանը` որպես վարչապետ, այլևս չկա. ազատամարտիկ․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ Մինչ Հայաստանի իշխանությունները միայն հայտարարությամբ են Արցախը բանակցային սեղան վերադարձնում, Ադրբեջանը կոնկրետ քայլեր է անում. Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների է նստում արդեն ԼՂՀ-ի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը։ Սա բավական վտանգավոր զարգացման մասին է հուշում։ Ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյանի հետ զրուցում ենք հակամարտության և ներքին խնդիրների շուրջ։

-Ինչի՞ մասին է փաստում Մինսկի խմբի հետ հանդիպմանը ԼՂՀ-ի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի մասնակցությունը։

 -Այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը կարող է կործանարար լինել մեր երկրի համար՝ պետականությունը կորցնելու առումով։ Այս մեկ տարվա ընթացքում մեր ունեցած ձախողումներից Ադրբեջանը կարողանում է օգուտներ քաղել։ Երբեք հայ հասարակությունն այսքան պառակտված չի եղել, քաղաքական հայացքները երբեք այսքան փոխադարձ թշնամանք չեն բորբոքել։ Այսպիսի քաղաքականությունն անմիջապես առաջին դեմքից խրախուսվում է, այսինքն՝ այդ քարոզչությունը երկրի վարչապետի մակարդակով է տարվում։ Ուղղակի անհասկանալի է` ինչպե՞ս կարող է երկրի վարչապետը թույլ տալ այս աստիճանի թշնամանք ու լարվածություն։ Իշխանությունը բոլոր լծակներն ունի այդ ամենը կանխելու, եթե ցանկանա, բայց տեսնում ենք, որ հակառակն է արվում։ Ավելին՝ ազգային իրական դեմքերի վարկաբեկման քաղաքականություն է իրականացվում։ Խոսքն Արցախյան ազատամարտի հերոսների մասին է։ Թիրախ են ընտրում մի անձի ու նրան հարվածելով քայքայում են ողջ ինստիտուտը։ Այս քաղաքականությունը թուլացնում է մեր դիրքերը, ինչից հաջողությամբ օգտվում է հակառակորդը՝ փորձելով իր նկրտումներն իրականություն դարձնել։ Տեսնելով Ադրբեջանի ակտիվությունը՝ հասկանում ենք, որ այս իշխանությունը բանակցություններն ամբողջությամբ ձախողել է։ Ալիևը, որին մեր վարչապետը համարում է կիրթ մարդ, և որը հավակնում է Երևանն անգամ գրավելու, վստահ եմ, հենց այնպես չի այսօր նման հայտարարություններ անում։ Հիմա մենք հետհաշվարկի մեջ ենք։ Ցավոք, այս ձախողումը ոչ միայն իշխանություններինն է, այլև բոլորինս։ Օր առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով փրկելու ենք մեր երկիրը կործանումից։ 

-Ո՞րն է հայաստանցի-արցախցի հարաբերություններում թշնամանք, հակասություն սերմանելու նպատակը։

-Արցախի ժողովուրդը շատ վաղուց ինքնորոշվել է։ Արցախը Հայաստանն է, մենք ունենք մի հայրենիք, երկու պետություն։ Սակայն Արցախի միջազգային ճանաչման խնդիր ունենք, ինչին այսօր վարվող քաղաքականությունն անմիջականորեն վնասում է։ Պետք է վերջ դրվի արցախցի-հայաստանցի, սև-սպիտակ, հեղափոխական-հակահեղափոխական, «հին» ու «նոր» Հայաստան ջրբաժաններին։ Այս ամենը մեր պետականության ողնաշարը կոտրում է։ Այս իրավիճակում չեմ բացառում ռազմական գործողությունների վերսկսում, որն ավելի մեծ վտանգի մեջ կդնի մեզ։ Չնայած այս վիճակին, ով փորձի տարածք հանձնելով հարց լուծել, մարտական անցյալ ունեցող ուժերը դա նրան թույլ չեն տա։ Մենք պաշտպանել ենք մեր հողերը, մենք ագրեսոր չենք եղել երբեք։ Ով էլ իր կեղտոտ քաղաքականությամբ փորձի տարածք հանձնել, չի ստացվի, ձախողվելու է։ Այլ բան է, որ այդ ընթացքում ահռելի կորուստներ կունենանք»։

-Կա՞ն ազգային այն ուժերը, որոնք կարող են այս ամենի դեմն առնել, վտանգավոր ու կործանարար զարգացումներ թույլ չտալ։

-Նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում ազգային ուժ։ Դա խոսքերով, հայտարարություններով չի լինում, մարդն իր ապրածով է կերտում ազգային կերպարը։ Իհարկե, կան այդ ուժերը, որոնք և՛ համախմբված են, և՛ անհատներ են։ Ժամանակն է, որ բոլորն իրենց տարաձայնությունները մի կողմ թողնեն և համախմբվեն, քանի որ այդ պայքարը հանուն ժողովրդի է։ Առավել ևս հիմա, երբ իշխանությունն ամեն ինչ անում է ազգային դեմքերին վարկաբեկելու համար։ Կառավարման ղեկը պետք է ստանձնի մի ուժ, որը երկիրը չի բաժանի երկու մասի` հայաստանցու-արցախցու, և տեսակով պատասխանատու է։ Կենսագրությամբ են ազգային լինում։ Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, այլևս չկա, արդեն պատմություն է։ Մենք պետք է մտածենք, թե ինչ է լինելու հետո։ Պիտի հասկանանք, թե այս ընթացքում ինչ վնասներ ենք կրել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ