31 05 2019

Մեկ տարի անց հեղափոխությունը դեռ չի ավարտվել․ «Հրապարակ»

Մեկ տարի անց հեղափոխությունը դեռ չի ավարտվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հեղափոխությունից մեկ տարի անց էլ մենք ապրում ենք այնպիսի մթնոլորտում, ինչպիսին տիրում էր երկրում բուն հեղափոխության օրերին։ Կարծես երկիրը հայտնվել է պերմանենտ հեղափոխության մի շրջափուլում, որտեղ կայունության հույս էլ չկա։ Այնպիսի տպավորություն է, որ մենք հրաբխի վրա ենք ապրում, որտեղ ամեն օր կարող են անկանխատեսելի իրադարձություններ տեղի ունենալ՝ ճանապարհներ փակելուց սկսած, տարբեր կալիբրի պաշտոնյաներ «մերժելու» ակցիաներով վերջացրած։

Եվ այնպիսի զգացողություն է, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, երկրում իշխանություն դեռ չի ձեւավորվել, եւ մենք մի ընթացքի մեջ ենք, որի ավարտին դեռ չենք հասել։ Եվ ավարտն էլ չի երեւում։ Կարծես մի պրոցես ենք սկսել ուղիղ մեկ տարի առաջ եւ մոռացել ենք ավարտել։ Կամ էլ՝ բոլորիս այնքան է դուր եկել այս ընթացքը, որ ավարտելու մտադրություն չունենք։ Կարծում եմ՝ այս զգացողությունը եւ այս իրավիճակը չեն փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ երկրում ամենից գործուն մեխանիզմը Քրեական օրենսգիրքն է եւ ամենալավ աշխատող համակարգերը նախաքննություն իրականացնող մարմիններն են, որոնք պերմանենտ հեղափոխական իրավիճակ են ապահովում։

Մենք՝ որպես քրեական հետապնդումներից «կայֆ» ստացող եւ տեսարաններ սիրող ազգ, այս ամենը շփոթում ենք բուռն աշխատանքային պրոցեսի հետ եւ բավարարված ենք։ Բայց այդ հետապնդումները խորացնում են անկայունության, ոչ հաստատուն ներկայի եւ անորոշ ապագայի զգացողությունը։ Այդ հետապնդումները նաեւ որոշ շրջանակների պահում են լարված վիճակում․ մեծ թվով մարդիկ՝ իրենց մերձավորների հետ միասին, ամեն օր սպասում են, որ «կգան իրենց հետեւից»։ Եվ վերջապես՝ բիզնես աշխարհի ներկայացուցիչները հենց այս հետապնդումների պատճառով են ձեռնպահ մնում երկրում ներդրումներ կատարելուց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ