23 05 2019

Քաղաքականություն՝ առանց բովանդակության․ «Փաստ»

Քաղաքականություն՝ առանց բովանդակության․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «ՀՀ երրորդ հանրապետությունում կա ամեն ինչ՝ կայունությունից բացի. օրինակ՝ ԽՍՀՄ-ը, իր բոլոր գաղափարախոսական արգելքներով, մարդկանց տալիս էր նվազագույն նյութական բարեկեցության երաշխիք՝ մասնավորաբար հաստատուն աշխատավարձի, հանգստի հնարավորության ու կենսաթոշակի տեսքով, ու դա է անցյալի հանդեպ որոշ դեպքերում նոստալգիայի հիմնական ատաղձը՝ կայունությունը: Անցած տասնամյակներում բազմիցս հայտարարվեց, բայց այդպես էլ քաղաքականության շարժիչ ուժ չդարձան մարդը, մարդու կյանքի որակն ու կենսամակարդակը: Այդպես էլ օրակարգի թիվ մեկ հարց չդարձավ կրթությունը, որի ադյունքում կերտվում է իրական քաղաքացին: Տրամաբանական պիտի լիներ, որ 2018 թ. իշխանափոխությունն իրականացնողները արժևորում էին իրենց արածն ու արդյունքներ էին ուզում ստանալ, անցած մեկ տարում գոնե ձևավորած լինեին կրթական նոր հայեցակարգ, գաղափարական դոկտրին, առաջընթաց զարգացման տեսլական պարունակող ծրագիր:

Ակնհայտ է, որ արդյունքների տեսակետից «կիսահղի» լուծումների արդյունավետությունը գնահատելու բավարար ժամանակ եղել է: Անկախության սերունդը կյանք է մտել, ու համարյա ոչնչով չի տարբերվում իր նախորդներից: Սա Հայաստանի կրթական համակարգի բացահայտ ձախողման վկայություն է:

Հայտնի է, որ մենք միշտ շփոթում ենք ժողովուրդ, հասարակություն և քաղաքացի հասկացությունները: Ով չի ալարում, խոսում է ժողովրդի անունից, ներկայանում ժողովուրդ ու պահանջներ դնում ժողովրդի կողմից: Միանշանակ ակնհայտ է, որ դա շարքային պոպուլիզմ չէ, այլ մտածելակերպի մշակույթ, ավելի ստույգ՝ արատ: Ընտրություններում էլ կոնկրետ թեկնածուն կամ ուժը ստանում է ոչ թե հավաքական ժողովրդի, այլ իր համակիրների կամ որոշակի ընտրատեղամասի ընտրողների ձայները, և խիստ որոշակի թվով ընտրազանգվածը ժողովուրդ չէ: «Ամբողջ ժողովուրդ» չէ նաև որևէ մեկի կոչով փողոց դուրս եկող որոշակի քանակով մարդիկ, ինչ թվի մասին էլ խոսելու լինենք: Հետևաբար ռեալ չեն, ավելին՝ ապրիորի կամ պայմանական են «ժողովրդի կամք» կամ «ժողովրդի պահանջ», «ժողովրդի որոշում» հասկացությունները: 

Քաղաքական հեղափոխությունը (կամ իշխանափոխությունը) ամփոփվեց իշխանության ձևավորմամբ, որը, սակայն, դեռ չի ավարտվել համակարգի ձևավորման առումով, սրան զուգահեռ, որպես երկրորդ «հեղափոխություն», հայտարարվեց տնտեսականը: Ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը ամբողջական հաջողության երաշխիքներ չունեն՝ առանց գաղափարական հեղափոխության: Մի բան պարզ է՝ մեկ տարի հետո մենք ստացել ենք պոպուլիզմի ու ճշմարտության միջակայքում դեգերող քաղաքական գործիչներ, քաղաքականություն՝ առանց բովանդակության, ու քաղաքացիներից ամբոխի վերածվող հանրություն: Հանրություն, որ չստացավ հիմնականը՝ իր դերի ու նշանակության գնահատականը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ