«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
«Կարելի՞ է արդյոք առողջ հասարակություն համարել այն հասարակությանը, որը տենչում է ինչ-որ մեկին (անգամ եթե նա Լոխնեսյան հրեշն է) բանտում տեսնել, և երբ նրան ազատ են արձակում, ելնում-հեղեղում է փողոցները, պահանջում իշխանությունների հրաժարականն ու առհասարակ՝ իրեն դժբախտ է զգում, որ մարդը բանտում չէ։ Կարելի՞ է արդյոք առողջ համարել այն իշխանություններին, որը երկրի կյանքում ճակատագրական դերակատարում ունեցող մի հսկա համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը կապում է մեկ անձի խափանման միջոցի որոշման հետ և հանրությանը կոչ է անում արգելափակել ոչ միայն այդ անձին ազատ արձակած, այլև ընդհանրապես՝ բոլոր դատարանների դռները, անգամ հեռավոր Սյունիքի ու Վայոց ձորի։
Եվ բոլորովին հասկանալի չէ, թե ինչու են արգելափակում, ինչ է դա տալու՝ բացի դատավորների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուց։ Կարելի՞ է արդյոք ապրել, ստեղծագործել, աշխատել ու արարել մի երկրում, որտեղ վարչապետն ու կառավարությունը ոչ թե իրենց բուն պարտականություններն են կատարում, այլ երկրի ներքաղաքական կյանքն ապակայունացնող կոչեր, որը բնորոշ է այն քաղաքական ուժերին, որոնք իշխանության գալու նպատակ ունեն և իրենց ծրագրերը կյանքի կոչելու այլ միջոց չունեն, քան իշխանության գալն է։ Կարելի՞ է արդյոք նորմալ, քաղաքակիրթ պետության համարում ունենալ աշխարհում, եթե մեկ տարի շարունակ հեղափոխական իրավիճակ է տիրում երկրում, և բնակչության մի մասը զբաղված է փողոցներ փակելով, տարբեր հիմնարկների աշխատանքը կազմալուծելով և ոչինչ չստեղծելով, ոչինչ չկառուցելով։
Կգա՞ արդյոք նման երկիր որևէ ներդրող, որևէ միջազգային կառույց, կզարգանա՞ երբևէ այդ երկրի տնտեսությունը, կվերադառնա՞ն արտագաղթածները, կուզենա՞ նոր սերունդն ապրել նման երկրում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը