21 05 2019

Դատական անկախության դեմ քայլերին ԲԴԽ-ն պետք է համարժեք արձագանքի․ «Հրապարակ»

Դատական անկախության դեմ քայլերին ԲԴԽ-ն պետք է համարժեք արձագանքի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Դատարանների շրջափակումը ոչ այլ ինչ է, քան միջամտություն դատարանի անկախությանն ու անաչառությանը, նաեւ՝ «ուղեցույց» տվյալ վարույթին այս կամ այն կերպ առնչվող դատավորներին»,- պատասխանելով մեր հարցին, թե ում դեմ էր ուղղված դատարանների շրջափակումը, ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իրավագիտության թեկնածու Արշակ Վարդանյանը։

«Սա իմ անձնական դիրքորոշումն է, իրավական պետությունում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, ընդ որում՝ իշխանության որեւէ ճյուղ մյուսների նկատմամբ գերակա դիրք չունի, չի կարող ունենալ։ Եթե խոսքը դատական իշխանության իբր պակաս լեգիտիմության մասին է, ապա այնքանով, որքանով դատական իշխանությունը, դրա կազմավորման կարգը նախատեսված են հիմնական օրենքով` Սահմանադրությամբ,  դատավորներն իրենց ամենօրյա բարեխիղճ աշխատանքով կատարում են պարտականությունները, առկա է դատական իշխանության լեգիտիմությունը: Ւ տարբերություն իշխանության մյուս թերի` դատական իշխանությունը կայուն է քաղաքական փոփոխությունների նկատմամբ, ինչը պայմանավորված է միայն իրավունքի շահերը ներկայացնելու իրապաշտպան առաքելությամբ, դրա համար են նախատեսվել դատավորների անփոփոխելիության, մինչ 65 տարեկանը պաշտոնավարելու, դատարանների ապաքաղաքականացվածության, դատավորների անկախության, անաչառության այլ սկզբունքները: Իրավական պետությունում պետք է իշխի հարգանք իշխանության մյուս ճյուղերի, դրանց ներկայացուցիչների նկատմամբ, սակայն դատական իշխանության անկախությանն ուղղված ցանկացած քայլ պետք է ստանա համարժեք արձագանք դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմնի` ԲԴԽ-ի կողմից։

Կարծում եմ, որ դատավորները գործադիր իշխանության ներկայացուցիչների նման քայլը չէին կարող գնահատել այլ կերպ, քան հատուցում Ռոբերտ Քոչարյանի գործով օրեր առաջ կայացված դատական ակտի, որով դատարանը փոխել է նրա նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում ընտրված խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ: Չանդրադառնալով այդ որոշման օրինականության հիմնավորվածությանը, ինչը վերադաս դատական ատյանի դատական ստուգման առարկան է, կցանկանայի հիշեցնել, որ դրա օրինական բողաքարկման կարգը վիճարկումն է վերաքննիչ դատարան: Դրանից զատ հայտարարություններն ու գործողությունները, տվյալ դեպքում նաեւ դատարանների շրջափակումը ոչ այլ ինչ է, քան միջամտություն դատարանի անկախությանն ու անաչառությանը, նաեւ՝ «ուղեցույց» տվյալ վարույթին այս կամ այն կերպ առնչվող դատավորներին։ Ընդգծում եմ, որ սա իմ անձնական կարծիքն է, միգուցե այս երեւույթի վերաբերյալ իր որոշակի դիրքորոշումը կհայտնի ԲԴԽ-ն, ժամանակը ցույց կտա»,- ասաց Վարդանյանը։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ մասնավորապես գրելով․ «Մտածում եմ՝ «էրթա՞լն» է ճիշտ, թե՞ մնալը»։ Բացի այդ, մենք տեղեկություն ունեինք, որ Վարդանյանը փաստաբանական դպրոց է հաճախում, ցանկանում է թողնել դատավորի գործը։ Հարցրինք, թե որն է տվյալ պարագայում ճիշտ՝ «երթա՞լը», թե՞ մնալը։ «Հումոր էր, ինչ-որ տեղ՝ հարցում ընկերների շրջանակում, որակավորման քննություններն անցել եմ, բայց արտոնագիր ստանալու համար դեռեւս չեմ դիմել»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ