«Հրապարակ»-ը գրում է․ «Արագածոտնի ներկայիս մարզպետ Դավիթ Գևորգյանը (ներկայիս, որովհետև, կարծում ենք, պաշտոնը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ) պաշտոնավարման առաջին օրերից, ըստ լրատվամիջոցների, հանրությանը հայտնի դարձավ ինքն իրեն 89 հազար դրամ գործուղման փող գրելով և ստանալով: Նշենք, որ մարզպետարանի շատ հնաբնակներ, 10, 15 և ավելի տարիներ աշխատելով այդ շենքում, նույնիսկ մեկ դրամ գործուղման փող չեն ստացել: Մարսելով այս գումարը՝ մարզպետ Դավիթ Գևորգյանը, ով ընդամենը երկու ամսվա աշխատանքային ստաժ ուներ, ամանորյա նվեր մատուցեց՝ ինքն իրեն գրելով 100 տոկոս պարգևավճար, իսկ փոխմարզպետներին, որոնք արդեն կես տարի աշխատում էին՝ 50 տոկոս: Այս փաստերը գալիս են ապացուցելու, որ եթե կաշառք տվող լինի, վերցնող էլ կլինի, որովհետև չի կարող պարկեշտ պաշտոնյան նման քայլերի գնալ:
Ինչևէ: Արագածոտնի մարզպետարանը, ըստ մարզպետարանի մի շարք վախեցած պաշտոնյաների, դարձել է համակենտրոնացման ճամբար: Մարզպետը ոչ մեկի հետ չի շփվում: Պարբերաբար ներխուժում է աշխատասենյակներ, անտեղի վիրավորում աշխատակիցներին՝ պատճառաբանելով, թե ինքը հեղափոխություն է արել, իսկ այս մարդիկ հլու-հնազանդ ենթարկվել են իրենց նախկին վերադասներին:
Այս անձնավորությունը կարող է իր մարզի բնակչության հետ վիճել, անգամ հայհոյել, ինչպես որ եղավ Ապարանի տարածաշրջանի Արագած համայնքի բնակիչներից մեկի հետ: Լրատվամիջոցների ներկայությամբ նա չվարանեց սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել այդ անձնավորությանը՝ իհարկե ստանալով համարժեքից բարձր պատասխան»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը