04 05 2019

Հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյան «վստա­հե­լի» հա­րա­զատ­նե­րը. «Փաստ»

Հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյան «վստա­հե­լի» հա­րա­զատ­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հաճախ է աչքի ընկնում սկանդալային հարցազրույցներով, ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա յուրաքանչյուր հարցազրույց դառնում է բուռն քննարկումների թեմա։ Նախօրեին մարզպետն, ըստ էության, ուշագրավ հայտարարություն է արել՝ չհերքելով, որ մարզպետարանում և նրա ենթակայության հիմնարկներում աշխատանքի է ընդունում իր հարազատներին։ «Եթե նույնիսկ աշխատակիցների շարքում կան իմ բարեկամները, ապա դրանք հայեցողական պաշտոններում են, ինչի իրավունքն ունեմ, այսինքն՝ հայեցողական պաշտոններում կարող եմ նշանակել մարդկանց, ում վստահում եմ»,- ասել է Գարիկ Սարգսյանը։

Երիտասարդ մարզպետն այսպիսով հակադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հավաստիացումներին, թե հեղափոխությունը չի հանդուրժում հովանավորչությունը։ Այն պարագայում, երբ Փաշինյանի նախաձեռնությամբ քրեական հետապնդում է նախաձեռնվում նրա մերձավոր հարազատներից մեկի դեմ, երիտասարդ մարզպետն իրեն շրջապատում է ազգականներով, որոնցից շատերը, համոզված եմ, չունեն անհրաժեշտ պրոֆեսիոնալ հատկանիշներ։

Սակայն խնդիրն ավելի խորքային ու բազմաշերտ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Օրինակ՝ ինձ թվում է՝ Գարիկ Սարգսյանը հաճախ հայտնվում է սկանդալների ու աղմկոտ պատմությունների կիզակետում բնավ էլ ոչ այն պատճառով, որ նա հեղափոխության թիմի ամենաապաշնորհ պաշտոնյան է։ Ամենևին՝ ոչ, ավելին՝ Գարիկ Սարգսյանը շատ «քայլողներից» նույնիսկ ավելի արժանավոր է, որովհետև քաղաքական իր կենսագրությամբ պարտական չէ բացառապես հեղափոխությանը։ Նա, համենայն դեպս, կարողացել է գյուղապետ ընտրվել դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին՝ 2016-ի աշնանը։ Խնդիրն այն է, որ Գ. Սարգսյանը, ի տարբերություն մյուս մարզպետների, գուցե ավելի «բաց» է ու նաև լրագրողների հետ աշխատելու փորձառություն չունի, կամ էլ համարում է, որ ամեն ինչի մասին պետք է շիտակ խոսել։ Կադրային հարցերում հովանավորչության երևույթ կա բոլոր մարզերում, ու դա պարզելու համար նույնիսկ պետք չէ անցկացնել լրագրողական հետաքննություն. մեր ընթերցողները կարող են բերել տասնյակ օրինակներ։

Կադրային քաղաքականության մեջ հովանավորչությունը վաղ թե ուշ հանգեցնելու է անարդյունավետ կառավարման, կոռուպցիայի։ Սա աքսիոմ է, որը չի կարող սրբագրվել նույնիսկ բացառիկ հեղափոխության կողմից։ Մյուս կողմից՝ դժվար է մեղադրել մարզպետներին, որովհետև, չնայած հրապարակային բարձրագոչ հայտարարություններին, տեսնում ենք, որ «աներձագի» սինդրոմը շարունակում է աշխատել նաև ավելի բարձր մակարդակում։ Օրինակ՝ մամուլը գրում է, որ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանի հովանավորյալն է, կամ լրագրողական հետաքննությունները բացահայտել են, որ կառավարության միջոցառումների անցկացման մրցույթները գրեթե մշտապես շահում են նույն ընկերությունները, որոնց տերերը մտերիմ հարաբերությունների մեջ են Նիկոլ Փաշինյանի անմիջական շրջապատի հետ։

Սակայն Գարիկ Սարգսյանի երեկվա հարցազրույցի մեխն այն է, որ նա կադրային քաղաքականության հիմքում դնում է վստահության սկզբունքը։ Դա, իհարկե, ճիշտ սկզբունք է, հատկապես հայեցողական պաշտոնների պարագայում, սակայն ստացվում է՝ նոր իշխանության ներկայացուցիչների համար վստահելի են համարվում հիմնականում ազգականներն ու ընկերները, ինչն ամենևին էլ դրական տպավորություն չի թողնում հեղափոխության թիմի կադրային բանկի, առավել ևս՝ կադրային ընտրության չափանիշների մասին։

Հեղափոխությանը մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց շարքերում վստահաբար կան պրոֆեսիոնալներ, քաղաքական ու քաղաքացիական բարձր որակներով օժտված բազմաթիվ մարդիկ։ Նրանցից շատերը հեղափոխության հաղթանակից հետո մոռացվեցին, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը, մեծ հաշվով, «սեփականաշնորհում» է հեղափոխությունը՝ պետական կառավարման համակարգից դուրս թողնելով բազմաթիվ արժանավոր մարդկանց ու «կանաչ լույս» վառելով բացառապես յուրայինների համար։ Մյուս կողմից՝ հեղափոխության հաղթանակից նույնիսկ մեկ տարի հետո իշխանությանը չի հաջողվել ստեղծել արդյունավետ համակարգ, որը կարևոր նախապայման է կադրային արդյունավետ քաղաքականություն վարելու համար։

«Խնամի-ծանոթ-բարեկամ» արատավոր սկզբունքը դիսկրիմինացրել է Հայաստանի բոլոր իշխանություններին ու գործողը բացառություն չի լինելու, եթե ճիշտ ժամանակին անհրաժեշտ հետևություններ չարվեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ