«Իրավունք»-ը գրում է․ «Մինչ անցած շաբաթ օրը վարչապետ Փաշինյանը հայաստանյան «հպարտ», բայց նաև հիմնականում սոված քաղաքացիների աչքի առաջ Երևանի կենտրոնում խորոված-քյաբաբի խնդրով էր «ծանրաբեռնված», Պեկինում մոտ չորս տասնյակ երկրների առաջնորդներ շատ ավելի լուրջ գործով էին զբաղված: Արդյունքում, ինչպես նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր նշել, Պեկինում «ահագին փող բաժանվեց», իսկ մեզ մնում է գոնե փորձել ինչ-որ զարտուղի ճանապարհով «խցկվել «Մետաքսի ճանապարհի» ծրագրերի մեջ»:
Բայց միամիտ մարդ է այդ Բագրատյանը. ինչ է, կարծում է Փաշինյանին Պեկին կանչեցին, նա էլ, թե «Թողեք խորովա՞ծ անեմ»: Կանչեին, մինչև Պեկին ուրախությամբ ոտքով էլ կգնար էլի...Չէ, իհարկե, լավ է, որ «հպարտ» քաղաքացիներ ունենք, «հպարտ» արտաքին քաղաքականություն: Բայց նաև, ինչքան որ քաղաքացիներն են սոված մնում, այդպես էլ արտաքին քաղաքականության վիճակն է: Մինչդեռ Պեկինում իրոք քննարկվեցին հարցեր, տրվեցին լուծումներ, որոնք աշխարհի մի մեծ հատվածի, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանի համար ուրվագծելու են մոտակա տասնամյակների ողջ կյանքը քաղաքական, տնտեսական, սոցիալական և այդպես շարունակ:
Այսինքն՝ Պեկինում ավարտված «Մետաքսի ճանապարհի» երկրորդ գագաթաժողովը գործնականում քաղաքական և ներդրումային տեսանկյունից ամփոփեց այն բոլոր գլոբալ ծրագրերը, որոնց հիման վրա նախատեսվում է տարեկան միլիարդավոր տոննաներով բեռներ ասիական բուռն զարգացող տարածաշրջանից հասցնել Եվրոպա և հակառակը:
Նորից դիմենք Բագրատյանի ֆեյսբուքյան գրառմանը. «ՌԴ-ն օգտվում է առիթից և փորձում է Տրանսսիբն ու ԲԱՄ-ը դարձնել արագընթաց երկաթգիծ Չինաստանի ու ԵՄ-ի միջև (կներդրվի մինչև 2 տասնյակ մլրդ դոլար), Ղազախստանն ուզում է նույն բանը, բայց իր տարածքով անցնող գծերով, Վրաստանը կառուցում է Անակլիա նավահանգիստը, Ուկրաինան 345 մլն դոլար է վերցնում Կրեմենչուգի կամուրջի համար, Ադրբեջանը 800 մլն դոլարի հուշագրեր է ստորագրել ինչպես բուն ֆորումի, այնպես էլ՝ երկկողմ ադրբեջանաչինական տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտում...»:
Չնայած, այստեղ որևէ անսպասելի բան չկար, այս գլոբալ ծրագրերը նոր բան չեն, և Պեկինի այս հերթական գագաթաժողովը պարզապես ֆիքսեց, որ դրանք ոչ միայն հետևողականորեն առաջ են գնում, այլ նաև, որ մտել են իրագործման վերջին փուլ: Նոր բան չէ նաև այն հակազդեցությունը, որ ԱՄՆ-ն փորձում է իրականացնել այդ ծրագրերն արգելափակելու համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը