«168 Ժամ»-ը գրում է․ «Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար։ Ո՞ւր է այդ գումարը։
Հիշեցնենք, որ մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ստվերային տնտեսության հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնել առնվազն 30 տոկոսով։ Դա համարժեք է տարեկան լրացուցիչ շուրջ 800 մլն դոլարի, ինչը մեծ գումար է Հայաստանի պետական բյուջեի համար։
Մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ Թե նրան որքանո՞վ է հաջողվել ավելացնել բյուջեի եկամուտները, թողնենք մի կողմ։ Ուղղակի արձանագրենք, որ անցած տարի կառավարությունը նույնիսկ չկարողացավ լիարժեք կատարել հարկային մուտքերի ճշգրտված պլանը։ Ու դա՝ այն դեպքում, երբ իշխանափոխությունից հետո պատերազմ հայտարարվեց ստվերային տնտեսությանը և անպարտաճանաչ հարկատուներին։
Պարզվում է՝ պատերազմն այնքան էլ լուրջ արդյունքներ չի տվել։ Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի խոստումների, իշխանափոխությունից հետո ևս Հայաստանում շարունակում են պտտվել ստվերային ահռելի միջոցներ, որոնք շրջանցում են պետական բյուջեն։
Մինչ կանդրադառնանք, թե ինչ գումարների մասին է խոսքը, նշենք, որ կառավարության վերջին նիստերից մեկում ֆինանսների նախարարը սենսացիոն հայտարարություն արեց, որն այդպես էլ մի տեսակ ստվերում մնաց։ Հայտարարությունը վերաբերում էր նրան, թե ստվերային տնտեսության հետևանքով անցած տարի ինչքան գումար մուտք չի եղել պետական գանձարան։
Այսպես` ըստ Ատոմ Ջանջուղազյանի, իրենց գնահատումներով՝ 2018թ. Հայաստանում 438 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքվել, քան պիտի հավաքվեր։
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե ասվածը վերաբերում է արտոնությունների տեսքով չստացվող գումարներին։ Ինչպես հայտնի է, տարբեր օրենքների շրջանակներում տնտեսության տարբեր հատվածներում տրամադրվում են հարկային արտոնություններ, ինչի հետևանքով բյուջեն կորուստներ է ունենում։
Բայց այս դեպքում խոսքն ամենևին էլ դրա մասին չէ։ Խոսքը ստվերում ձևավորվող հարկերի մասին է, որոնք պետական բյուջեն չի ստացել։
Չնայած հայտնի չէ ընթացիկ տարվա գնահատականը, այնուհանդերձ նախարարը չի բացառում, որ այն կարող է ավելի մեծ լինել։
Եվ սա ասում է այն կառավարության ֆինանսների նախարարը, որն անհաշտ պայքար է հայտարարել ստվերային տնտեսությանը։ Մինչդեռ, երբ լսում ենք վարչապետի կամ Պետեկամուտների կոմիտեի նախագահի հայտարարությունները բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումների վերաբերյալ, թվում է, թե կառավարությունն իսկապես աննախադեպ հաջողություններ է արձանագրում ստվերային տնտեսության դեմ պայքարում։
Այն գումարը, որի մասին խոսում է ֆինանսների նախարարը, համարժեք է պետական բյուջեի հարկային եկամուտների գրեթե 35 տոկոսին։ Սա, ըստ էության, Հայաստանի տնտեսության ստվերի գնահատականն է։
Հիմա տեսնենք, թե ինչքանո՞վ է հաջողվել նոր իշխանություններին կրճատել ստվերը։ Դրա համար անհրաժեշտ է ճշտել համախառն ներքին արդյունքի մեջ հարկերի տեսակարար կշիռը։
Անցած տարվա արդյունքներով՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում կազմել է 21 տոկոս։ 2017թ. համեմատ այն բարելավվել է 0,2 տոկոսով։
Ահա սա է ստվերային տնտեսության դեմ անողոք պայքար մղած կառավարության և բյուջեի մուտքերի 30 տոկոս ավելացում խոստացած վարչապետի աշխատանքի արդյունքը։
ՀՆԱ-հարկեր ցուցանիշը թեև նախորդ տարվա համեմատ մի փոքր բարելավվել է, այնուհանդերձ դա ամենևին էլ արտառոց արդյունք չէ։ Ճիշտ է, 2017թ. նկատմամբ տնտեսության ստվերը 0,2 տոկոսով կրճատվել է, բայց այն շարունակել է ավելին լինել, քան 2013-2016թթ. ընկած հատվածում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը