19 04 2019

Թեժ խորհրդակցություն. վարչապետը զայրացել է. «Ժողովուրդ»

Թեժ խորհրդակցություն. վարչապետը զայրացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՏՄՊՊՀ նախագահի` Գեղամ Գեւորգյանի ստաժի անբավարարության վերաբերյալ տեղեկությունները խիստ զայրացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է վարչապետին հետ կանչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը: Պատճառը ստաժի անբավարարությունն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կառավարությունում այս թեմայի շուրջ անգամ թեժ խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ պատմության «հերոսը»` Գեղամ Գեւորգյանը: Ի դեպ, վարչապետն անգամ զայրացել է Էդուարդ Աղաջանյանի վրա:

Ավելին, մեր տեղեկություններով` քննարկվել է Էդուարդ Աղաջանյանին եւ իր տեղակալ Լիանա Ղալթախչյանին աշխատանքից ազատելու հարցը: Ստացվում է, որ ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ նախագահների հարցերով սա երկրորդ «չեպեն» է:

Հիշեցնենք` վերջերս վարչապետն իր աշխատակազմից երեք հոգու ազատեց աշխատանքից: Խնդիրը կապված էր Ազգային ժողով ուշ բերված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի հետ: Աշխատակազմը չէր հասցրել իր վրա դրված գործը կատարել պատշաճ ժամկետներում:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում խնդրի հիմնական պատասխանատուն վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է. չէ՞ որ ինքը եւ իր թիմը պետք է ուսումնասիրեին` թեկնածուն համապատասխանում է օրենքով սահմանված չափանիշներին, թե ոչ: Բայց, արի ու տես, չեն հաշվել Գեւորգյանի աշխատանքային ստաժը, ինչը ամոթալի վիճակում է գցել կառավարությանն ու վարչապետին:

Ըստ որոշ տեղեկությունների` Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը վարչապետին ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ երեկ Գեւորգյանը վարչապետի հրավիրած խորհրդակցությունից հետո նախարարություն չի վերադարձել: Այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գեղամ Գեւորգյանի մամուլի խոսնակ Անի Սմբատյանի հետ. «Վարչապետի խորհրդակցության հետ կապված դիմե՛ք նրա մամուլի խոսնակին: Իսկ Գ. Գեւորգյանի ստաժի վերաբերյալ վաղը (այսօր-խմբ.) կպարզաբանենք»:

Հավելենք, որ Լիանա Ղալթախչյանն ու Էդուարդ Աղաջանյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին, իսկ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասաց, որ տեղյակ չէ նման խորհրդակցությունից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ