168.am-ի տեղեկություններով՝ վերջերս Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը մի քանի անգամ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ։
Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետի խոսնակի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Ղազարյանին պատկանող «Ապավեն» բեռնափոխադրող ընկերությանն այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների հետ «Սպայկա» ընկերության փոխարեն գյուղմթերք մթերող և արտահանող ընկերությունների դաշտ մտցնելու հարցը։ Արսեն Ղազարյանին խնդրել են մեկնաբանել, թե ինչ հարցեր են քննարկել վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ։
«Այո, ես հանդիպել եմ վարչապետի խոսնակի հետ, և ինձ հետ եղել է նաև միության անդամ, իմ գործընկեր, «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Բայց այդ հանդիպմանը չի քննարկվել «Ապավենի» և «Սպայկայի» մասին որևէ հարց: Ես խարդավանքների մեջ չեմ եղել երբևէ ու չեմ կարող լինել… Ես նորմալ հարաբերություններ եմ ունեցել երկրի բոլոր ղեկավարների հետ, բայց ոչ այս, ոչ նախկին իշխանություների մոտ երբեք «Ապավենի» հետ կապված հարցերը և ընդհանուր առմամբ իմ բիզնես գործունեությունը լոբբինգ չեմ արել:
Մենք երեքով զրուցել ենք մշակութային վերլուծական թեմաների շուրջ, ընդամենը այդքանը: Եթե «Ապավենը» նման բիզնես պլան ունենար, ապա ես վստահաբար կհայտարարեի այդ մասին ու հպարտորեն կստանձնեի այդ պատասխանատվությունը, բայց մեր հեռանկարային պլաններում չկա մթերող դառնալու ոչ մի նախագիծ: Իսկ թե ինչո՞ւ Վլադիմիր Կարապետյանին չեմ դիտարկել՝ որպես գործարար, ասեմ, որ նա մեր միության անդամը չէ, և ինձ հայտնի չեն իր գործունեությունից այլ դրվագներ:
Իսկ մեր միության անդամ դառնալն այդքան էլ հեշտ բան չէ, նա դեռ պիտի հայտատու դառնա, հետո երկու երաշխավորողի միջնորդությամբ Հայաստանի առևտրաարդյունաբերողների և գործարարների միության խորհրդի կազմի հաստատման արդյունում դառնա»,- ասել է Ա. Ղազարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը