«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան 4 ամիս Ուկրաինայում անօրինական պաշտոնավարող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի ագրեմանի հարցը կարծես լուծվել է, նա մեկնում է Իտալիա։ Դեսպան է նշանակվել 2021 թ. հունիսի 1-ին, 3 տարով, ժամկետը լրացել է 2024-ի հունիսի 1-ին, սակայն ո՛չ հետկանչի, ո՛չ ժամկետը երկարացնելու մասին ՀՀ ԱԳՆ-ն եւ ՀՀ նախագահը հրամանագիր չեն արձակել:
ԱԳՆ-ն շուրջ 2 ամիս է՝ չի պատասխանում, թե ինչ հիմքով է Կարապետյանը շարունակում աշխատել։ Ուկրաինայում ՀՀ նոր դեսպանի թեկնածուի անուն եւս շրջանառվում է: Ըստ որոշ լուրերի՝ նախկին փոխվարչապետ, այժմ վարչապետի խորհրդական Համբարձում Մաթեւոսյանն է Կիեւ գործուղվելու։
Մաթեւոսյանը երեկ մեզ ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, շտապեց տեղեկացնել, որ ինքը վարչապետի խորհրդականն է․ «Ես ինձ շատ լավ եմ զգում այս կարգավիճակում եւ փորձում եմ կատարել ինձ տրված հանձնարարականները»։ Մաթեւոսյանը սովորել է արտերկրում եւ աշխատանքային փորձ ունի Ուկրաինայում` 2013-2015 թթ․ աշխատել է Դոնեցկում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։ Նա փոխվարչապետի պաշտոնից ազատվեց 2022-ի դեկտեմբերին՝ ՔՊ վարչության կեղծված ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ նրա օգտին էլ են լցոնում արել։
Արդյունքում Մաթեւոսյանը չդարձավ ՔՊ վարչության անդամ։ Բայց նրա աշխատանքից հատկապես դժգոհ էին` Բրյուսովի համալսարանի ընտրություններով պայմանավորված, երբ, լինելով հոգաբարձուների խորհրդի նախագահը, չկարողացավ անցկացնել Փաշինյանի թեկնածուին` Դավիթ Գյուրջինյանին, եւ ստիպված եղան վերջինիս ռեկտոր դարձնել խայտառակ օրինախախտումներով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը