«Հրապարակ»-ը գրում է․ «Հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի այրուց՝ Ռիմա Դեմիրճյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է իրատեսական իշխանություններից պահանջել Հոկտեմբերի 27-ի բացահայտումն այն դեպքում, երբ նրանք ստացել են բավականին ծանր ժառանգություն, իրավապահներն աշխատում են Մարտի 1-ը բացահայտելու գործով։
-Ոչ։ Ես միշտ ասել եմ՝ ոչ։ Թող զբաղվեն։ Դժվար է, շատ ջանքեր պետք է թափվեն, բայց ամեն ջանք պետք է թափեն բացահայտելու համար, եւ եթե հնարավոր չէ՝ հասարակությունը պետք է դրանում համոզված լինի։
-Ինչո՞ւ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը, ոճրագործությունը ծնող պատճառների մասին Դուք այսօ՞ր էլ նույն կարծիքին եք, ինչ Հոկտեմբերի 27-ից հետո, ավելի շա՞տ եք այսօր տեղեկացված այդ մասին։
-Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ես հենց սկզբից էլ ունեցել եմ իմ կարծիքը։ Նույնիսկ իմ տղաները չէին հավատում դրան։ Կարեն Սերոբիչը շատերի ճանապարհն էր փակել։ Անսպասելի էր նրա վերադարձը եւ անցանկալի։ Ասեմ ավելին՝ Հոկտեմբերի 27-ը հենց իրեն վերացնելու համար էր։ Եթե միայն Վազգեն Սարգսյանի հարցը լիներ, այդ մարդն ամեն տեղ գնում էր ազատ, նրան կարող էին վերացնել։ ԱԺ մուտք գործելու ձեւը հատուկ մշակված էր հատուկ ծառայությունների կողմից։ Իրենք չեն հասկացել, որ իրենց խաղացնում են։ Իրենց համոզել են, որ ազգն են փրկում։
-Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վերջերս լրագրողների հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, որ Նաիրի Հունանյանը եղել է ԱԱԾ գործակալ։
-Մեր փաստաբանը՝ Աշոտ Սարգսյանը, վերջին անգամ հարցազրույցում ասաց, որ այդ հարցը շատ է քննվել, եւ նա գործակալ չի եղել։ Եթե այդպես լիներ, ապա մեր փաստաբանը ուշադրություն կդարձներ դրան։ Աշոտ Սարգսյանը տարիներ շարունակ զբաղվել է այդ գործով, ո՞նց կարող էր նա այդ փաստը չիմանալ։
-Բուռն արձագանք գտավ նաեւ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին հղված նամակը, որում անդրադաձ կար նաեւ Հոկտեմբերի 27-ին նախորդող եւ հաջորդող իրադարձություններին։ Շիրխանյանը հայտարարել է նաեւ, որ պատրաստվում է իր բաց նամակի երկրորդ մասը գրել Ռոբերտ Քոչարյանին, որը նույնքան «շոկային» կարող է լինել, որքան՝ առաջինը։
-Ինձ այնքան էլ դուր չեկավ Վահան Շիրխանյանի նամակը։ Շինծու նամակ էր։ Միգուցե այնտեղ կան իրականությանը համապատասխանող փաստեր, բայց ինչո՞ւ հենց հիմա գրեց այն։ Ինչո՞ւ հենց այդպիսի հարվածող դոզայով էր այդ նամակը։ Այն ինչ-որ նպատակ էր հետապնդում։ Նման մոտեցումն ինձ դուր չի գալիս։ Ես միշտ լոյալ եմ եղել իշխանությունների նկատմամբ։ Եվ դա պատահական չէ։ Ես երկար տարիներ եղել եմ իշխանության կողքին, գիտեմ, որ դա ծանր բեռ է։ Հիշում եմ Կարեն Սերոբիչի խոսքերը, որ հայերին ղեկավարելը շատ դժվար է, եւ ով կարողանա ղեկավարել հայերին, նա կղեկավարի աշխարհի ցանկացած ժողովրդի։ Մեր ժողովրդի մեջ շատ կան անհատներ, խելացի մարդիկ, անհնազանդ են, պետականություն չենք ունեցել երկար տարիներ։ Յուրահատուկ ազգ ենք։ Եվ ես միշտ ըմբռնումով եմ մոտեցել։
Օրինակ՝ բոլորը պնդում էին, թե սա է արել, նա է արել, ես ասում էի՝ տվե՛ք ինձ փաստեր, ես ինքս հետեւություններ կանեմ։ Բայց առանց փաստերի չի կարելի աջ ու ձախ բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրել։ Վերջապես նրանց էլ դա ձեռնտու չէր։ Գուցե կա նրանց մեղքը, ոչ անմիջական։ Ես համարում եմ, որ նրանք մեղք ունեն թեկուզ այն պատճառով, որ առաջարկում էին Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակը։ Հոկտեմբերի 27-ի պատճառն ավելի գլոբալ էր, բայց Մեղրիի տարբերակը անմիջական առիթն էր։ Դա արդեն լցրեց համբերության բաժակը։ Այդ պլանը մշակել էին երկար տարիներ, պայմանավորվել էին, ամեն ինչ ընթանում էր, եւ հանկարծ դուրս է գալիս այդ նույն Դեմիրճյանը եւ խանգարում։ Այդ նույն Դեմիրճյանը, որը խանգարեց ուրիշ ճանապարհների կառուցմանը։
-Մարտի 1-ը բացահայտելու ուղղությամբ իշխանությունները կոնկրետ քայլեր են կատարում, կալանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ոմանք մտածում են, որ կարելի է մտածել նաեւ Հոկտեմբերի 27-ը բացահայտելու մասին։
-Մարտի 1-ը ցավալի էր, անմեղ մարդիկ զոհվել են։ Պարզ է, որ պետք է այն քննվի, մեղավորները պետք է պատժվեն։ Բայց չէ՞ որ Հոկտեմբերի 27-ը մեր պատմության, պետականության համար շատ ավելի կարեւոր է։ Այնտեղ զոհվեցին անհատներ, որոնք այս հասարակության սյունն էին։ Ես հիշում եմ մեկը մի անգամ մի հայտարարություն արեց՝ այնքան հզոր էին այդ երկուսը, որ պահում էին ողջ հասարակությանը, չէին թողնում, որ պառակտվի։ Հոկտեմբերի 27-ի բացահայտումը շատ բարդ գործ է։ Քսան տարի է անցել, շատ փաստեր հնացել են, կան վկաներ, որոնք մահացել են։ Շատ է դժվարացել գործի բացահայտումը։ Բայց, ելնելով անհրաժեշտությունից, պետք է զբաղվել 27-ի գործի բացահայտմամբ։ Պետք է այնքան ջանքեր թափել, եւ դրանք այնքան պետք է համոզիչ լինեն, որ ամեն ինչ արվել է հանուն բացահայտման, որ հասարակությունը հանգստանա։
-«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Վազգեն Սարգսյանի զինակից Լեւոն Եղիազարյանը մտահոգություն է հայտնել, որ Հոկտեմբերի 27-ի բացահայտումն այսօրվա պայմաններում կարող է վերածվել շոուի։
-Կա մի հանգամանք, որը ստիպում է, այնուամենայնիվ, զբաղվել Հոկտեմբերի 27-ի բացահայտմամբ։ Այն սարսափելի ողբերգություն էր մեր պետության ապագայի տեսանկյունից։ Քսան տարի շարունակ այն անհետեւանք չի մնացել, շարունակում է պառակտել հասարակությանը։ Եվ այդ պատճառով պետք է ջանքեր գործադրել Հոկտեմբերի 27-ը բացահայտելու, ոչ թե շոուի վերածելու համար։ Հիմա դժվար է շոուի վերածելը, որովհետեւ բոլորը շատ են խելոքացել, փորձված են, ամեն ինչի կարող են արձագանքել։ Դրա համար պետք է լրջորեն մոտենալ այդ ամենին։ Իսկ բացահայտումը պետք է երկրին, ապագային, երիտասարդ սերնդին։ Եվ պետք է համոզել հասարակությանը, որ ամեն ջանք գործադրվել է այդ ուղղությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը