11 04 2019

Հափշտակված 290 մլն դրամը վերադարձնելու հույսը կորում է․ «Ժողովուրդ»

Հափշտակված 290 մլն դրամը վերադարձնելու հույսը կորում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազության և Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի միջև դատական վեճը ձգձգվում է, ընդ որում` տպավորություն է, որ այդ դատաքննությունը ձգձգվում է միտումնավոր կերպով:

Ինչպես հայտնի է, 2017 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում էր շնորհել պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված ու կալանավայրում 5 տարի անցկացրած Վազգեն Խաչիկյանին: Այդ ընթացքում էլ դատախազությունը դիմել էր դատարան`պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական նիստերը մեկը մյուսի հետևից տարբեր պատճառներով հետաձգվում են: Մի դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է դատարանի հարցման պատասխանը դեռևս ներկայացված չլինելու պատճառով, մյուս դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է երրորդ անձ ներգրավելու կապակցությամբ, երրորդ դատական նիստը չի կայացել կողմի միջնորդությամբ: Հիմա էլ, պարզվում է, գործով դատավորն է փոխվել: Նախկինում գործը քննում էր դատավոր Տ. Գրիգորյանը, սակայն նա այլ դատարան է տեղափոխվել, և հիմա գործը մակագրվել է Լոռու մարզի դատավոր Տաթևիկ Հովնանյանին: Ասել է թե` հափշտակված 290 մլն դրամը հետ վերադարձնելու հույսը գնալով կորում է:

Մինչ այդ, նկատենք, որ Վազգեն Խաչիկյանը հիմա դարձել է հաղորդավար. խոհարարական հաղորդում է վարում` «Ուտում ենք Խաչիկյանի հետ» վերնագրով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ