«Հրապարակ»-ը գրում է․ «Ի՞նչ է հանրային կարծիքը, եւ քանի՞ հոգին են կազմում հանրություն։ Քաղաքական գործիչն ու պաշտոնյան ինչպե՞ս կողմնորոշվեն՝ սխա՞լ են գործում, թե՞ ճիշտ, երբ հասարակությունը բաժանվել է բանակների․ մի մասը ջերմեռանդորեն ծափահարում է, մյուսները՝ քարկոծում ու հայհոյում նույն արարքի համար։ Իշխանության ներկայացուցիչներից ոմանք, օրինակ, պնդում են, որ հասարակությունն իրենց անվերապահորեն աջակցում է, սիրում է, ողջունում իրենց բոլոր քայլերն անխտիր։
Իսկ այն «փոքրաթիվ» խումբը, որը քննադատում է ու մերժում իրենց քայլերը, դրանք հակահեղափոխականներն են ու նրանց «վարձու» բանակները։ Այստեղից էլ՝ այն մեծամտությունն ու ինքնավստահությունը, որ նկատելի են գործող պաշտոնյաների ու պատգամավորների շրջանում։ Այստեղից էլ՝ «ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն», «81 տոկոսանոց քաղաքապետ», «միայն մի քանի ռեստորան լցնելու ունակ» ընդդիմություն արտահայտությունները, որ լսում ենք իշխանավորներից։
Անշուշտ, չի կարելի խոսել ողջ հասարակության անունից եւ չի կարելի անտեսել անգամ ամենափոքր խմբի կարծիքը, որովհետեւ մարդկությունը լսում է անհատներին, ոչ թե ամբոխին, եւ հասարակական կարծիք ասելով՝ նկատի չունեն 4-րդ դասարանի կրթությամբ, լատինատառ հայհոյանքներ գրող անձանց։ Բայց կա նաեւ մի պարզ իրողություն՝ մեր հասարակության մեջ շատ քչերն են երես առ երես պաշտոնյայի հետ հանդիպելիս արժանապատիվ կեցվածք դրսեւորում, շատ ավելի մեծ տոկոս են կազմում քծնանքն ու շողոմ պահվածքը, երեսին ժպտալը՝ հետեւից բամբասելը, պաշտոն զբաղեցնողից ակնկալիքներ ունենալը եւ պաշտոնի առաջ գլուխ խոնարհելը։ Ուստի խելացի մարդիկ քծնանքից չեն մեծամտանում, ժպիտներից ու շողոմ խոսքերից չեն ոգեւորվում, բայց պարսավանքներից էլ չեն հուսահատվում ու պատեպատ զարկվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը