08 04 2019

Հարկային եկամուտների ֆանտաստիկ աճի գաղտնիքը․ «168 Ժամ»

Հարկային եկամուտների ֆանտաստիկ աճի գաղտնիքը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Մինչ Հայաստանի տնտեսությունը չի փայլում բարձր ակտիվությամբ` Պետեկամուտների կոմիտեն հարկային մուտքերի ֆանտաստիկ աճ է արձանագրում։ Պարզվում է, առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գրեթե 25 տոկոսով ավելի հարկ է հավաքվել. փաստացի այն կազմել է 57,3 մլրդ դրամ։

Սա իսկապես լուրջ աճ է։ Եթե, իհարկե, ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացվում է։

Ցավոք, այն, ինչ ասում է Պետեկամուտների կոմիտեի նախագահը, այնքան էլ համոզիչ չէ։ Հարկային մուտքերի ֆանտաստիկ աճը ոչ մի կերպ չի բխում առկա տնտեսական իրողություններից, որոնք կան Հայաստանում։

Հազիվ թե կարելի է կարծել, որ այս տարի Հայաստանի տնտեսության մեջ այնպիսի էական տեղաշարժեր են եղել, որոնք բերել են հարկային մուտքերի նման կտրուկ ավելացումների։ Տնտեսական ակտիվությունը հիմնված է ոլորտների վրա, որտեղ հարկային եկամուտների գեներացումը չի կարող մեծ փոփոխություններ առաջացնել։

Մնում է կարծել, որ նախորդ տարվա համեմատ մուտքերի արձանագրված գրեթե 25 տոկոսանոց աճը եղել է մեծամասամբ ստվերի կրճատման հաշվին։ Բայց ստվերի դեմ պայքարն էլ այն չէ, ինչ կարելի էր սպասել։ Առաջին եռամսյակում ՀԴՄ-ներով իրականացված շրջանառությունն ավելացել է 55 մլրդ դրամով։ Դրանից գեներացված հարկային եկամուտները կարող են լինել, լավագույն դեպքում, ասենք, մի 5 մլրդ դրամ։

Հարց է առաջանում, թե այդ դեպքում որտեղի՞ց է Պետեկամուտների կոմիտեն 57 մլրդ դրամով ավելի մուտք ապահովել։

Այս հարցի պատասխանը, ըստ էության, պետք է փնտրել բոլորովին այլ տեղ։ Հարկային եկամուտների արձանագրված բարձր աճը պայմանավորված է հիմնականում մեկ գործոնով, և դա քիչ կապ ունի տնտեսական զարգացումների հետ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հարկային եկամուտների ու պետական տուրքերի նման ֆանտաստիկ աճը գերավճարների կամ կանխավճարների գծով այս տարի հետհաշվանցված գումարների կտրուկ նվազման արդյունք է։ 2018թ. առաջին եռամսյակում հետհաշվանցված գումարները գրեթե 100 անգամ ավելի են եղել։

Եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում դրանք կազմել են ընդամենը 58 մլն դրամ, ապա անցած տարվա նույն ժամանակահատվածում` 54 մլրդ դրամ։

Թվում է, թե արտառոց ոչինչ չկա։ Սակայն այդպես չէ։ Խնդիրն այն է, որ հետհաշվանցված գումարը չի ներառվում բյուջե փաստացի հաշվեգրված հարկային եկամուտներում։

Պատկերացնելու համար՝ ասենք, որ անցած տարվա փետրվարին տարբեր հարկատեսակների գծով ընդհանուր մուտքերը, ըստ ՊԵԿ պաշտոնական հրապարակումների, կազմել են 117 մլրդ դրամ։ Գերավճարների կամ կանխավճարների դիմաց հետ է հաշվանցվել ավելի քան 27 մլրդ դրամ։ Արդյունքում` բյուջեի հաշվեգրված հարկային մուտքերը կազմել են 89,9 մլրդ դրամ։ Բերենք նաև այս տարվա փետրվարի տվյալները. այդ ամսին բոլոր հարկատեսակների գծով մուտքերը եղել են 86 մլրդ 608 մլն դրամ, որից 23 մլն դրամը հաշվանցվել է գերավճարների կամ կանխավճարների դիմաց։ Բյուջե հաշվեգրված գումարը կազմել է 86 մլրդ 585 մլն դրամ։

Ակնհայտ է, որ այս տարվա փետրվարն այնքան էլ չի առանձնացել մուտքերի բարձր կատարողականով։ Ընդհակառակը` դրանք, նախորդ տարվա համեմատ՝ նույնիսկ նվազել են։

Թե ինչպիսի՞ փոփոխություններ են եղել մարտին, հատկապես՝ առանձին հարկատեսակների գծով, դժվար է ասել։ Չնայած Պետեկամուտների կոմիտեի նախագահը ապրիլի 3-ին հատուկ ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների ցուցանիշները, այնուհանդերձ, ինչպես մարտի, այնպես էլ՝ եռամսյակի պաշտոնական տվյալները կոմիտեի կայքէջում դեռևս չեն հրապարակվել։

Այնուհանդերձ, դատելով ՊԵԿ նախագահի հրապարակած ցուցանիշներից, պետք է ենթադրել, որ մարտի կատարողականն իսկապես բավական բարձր է եղել։ Բյուջե հաշվեգրված գումարը կազմել է 108 մլրդ դրամ, ինչը 13 մլրդ դրամով կամ ավելի քան 13 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Ի դեպ, մարտին հետհաշվանցված գումարների տարբերություն` նախորդ և ընթացիկ տարվա միջև, այլևս գրեթե չկա։

Ամեն դեպքում առաջին եռամսյակում միայն գերավճարների կամ կանխավճարների հետհաշվանցման հետևանքով պետական բյուջեի հարկային մուտքերի փոփոխությունը կազմում է շուրջ 54 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ բյուջեի մուտքերի աճը նախորդ տարվանից ավելի է եղել 57 մլրդ դրամով։

Հարկային եկամուտների ավելացման վրա, ըստ էության, դրական ազդեցություն են ունեցել նաև հարկային օրենսդրության այն փոփոխությունները, որոնք գործողության մեջ են մտել ընթացիկ տարվա սկզբից։ Խոսքը, մասնավորապես, մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման մասին է։

Հավանաբար որոշակի դեր է ունեցել նաև հսկիչ մեքենաներով արձանագրվող շրջանառությունների աճը, որն այլ գործոնների թվում` կապված է նաև ոլորտում ընդ-գրկված տնտեսվարողների քանակի ավելացման հետ։ Մի բան, ինչը հանգեցրել է տպվող ՀԴՄ կտրոնների թվի ավելացմանը։

Առաջին եռամսյակում, ինչպես հայտնի է, տպված կտրոնները 20,7 մլն հատով ավելացել են, ինչն էլ այդքան ոգևորել է վարչապետին։ Թեև դրանում ոգևորվելու քիչ առիթ կա։ Ու ինչքան էլ ՊԵԿ նախագահը փորձի հիմնավորումներ տալ դրան, իրականությունը բոլորովին այլ է։

«Մամուլում փորձում են խոցելի դարձնել մեր այս տեղեկատվությունը՝ ասելով, որ 2019թ. հունվարի 1-ից պարտադիր է դարձել նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը նաև մինչև 58 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողների համար, հետևաբար, եթե 24-25 հազար պահանջարկ կա, ապա այդ տպագրված ՀԴՄ կտրոնները կարող են ուղղակի ավելի տեղադրված ՀԴՄ-ների արդյունքը լինել»,- ասում է ՊԵԿ նախագահը։

Իրականում այլ կերպ չէր էլ կարող լինել, և դա, ըստ էության, ընդունում է նաև ՊԵԿ նախագահը. «Թեև այդ փաստարկի մեջ կա որոշակի տրամաբանություն, բայց կուզեմ, որ մի քիչ ավելի ազնիվ լինենք։ Նախ՝ այս պահի դրությամբ 12 հազար ՀԴՄ հայտ է բավարարվել, որից շուրջ 3 հազարը չեն եկել ստացել։ Նույնիսկ, եթե վերցնենք ամբողջ 12 հազարը, կարծում եմ՝ դուք էլ կհամաձայնեք, որ մինչև 58 մլն շրջանառություն ունեցող հարկ վճարողները չէին կարող իրենց գործունեությամբ ապահովեին միլիոնավոր ՀԴՄ կտրոնների ավելի տպելը»։

Կարո՞ղ էին, թե՞ չէ, դժվար չէ հիմնավորել։ Դրա համար պարզապես պետք է հաշվարկներ կատարել։ Իսկ հաշվարկները ցույց են տալիս, որ խոսքը մեկ նոր ՀԴՄ սարքի կողմից միջինն օրական տպված ընդամենը 20-25 կտրոնի մասին է։ Հիմա դա հնարավո՞ր է, թե՞ ոչ, թող որոշեն ՊԵԿ-ում։

Որևէ մեկը չի կարող պնդել, թե ՀԴՄ կտրոնների ավելացումը բացառապես այդ գործոնի հետևանք է։ Բաց միանշանակ է, որ դրա ազդեցությունը կտրոնների ավելացման վրա էական դեր է ունեցել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ