«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Նա ասել է, որ Արցախի նախագահի ընտրություններին թեժ մրցակցություն է սպասվում:
Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:
-Պարոն Բաբայան, Արցախի պաշտպանության բանակում, կարծես թե, լայնամասշտաբ փոփոխություններ են կատարվում. դրա վկայությունն է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, որ ինքը թողնում է պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից: Տեղա՞կ եք, թե ինչու է Ս. Կարապետյանը նման որոշում կայացրել:
-Հայտարարություն տարածվել է: Հասկանո՞ւմ եք, կա սերնդափոխության խնդիր, կան տարբեր հարցեր, ու, ընդհանրապես, այն սպաները, հրամանատարները, առավել ևս՝ լեգենդար անձնավորությունները, եթե նույնիսկ իրենք թոշակի բերումով, տարիքի բերումով կամ այլ խնդիրներով դուրս են գալիս գործող բանակից, դա դեռ չի նշանակում, որ իրենք չեն շարունակելու հայրենիքի պաշտպանի իրենց ծառայությունը: Այսինքն՝ հարկ եղած դեպքում, բնական է, որ Արցախի բանակը ժողովրդական բանակ է, ու աշխարհազոր է, անհրաժեշտության դեպքում համալրվելու է գործող բանակի շարքերը: Հետևաբար, ահա, այս տեսանկյունից պետք է այդ ամենը դիտարկել:
-Բայց տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի իշխանական շրջանակում խմորումներ են, առաջիկայում նման պաշտոնանկությունները շարունակվելու են: Կա՞ նման բան:
-Արցախում խմորումները միայն հացի գործարաններում են տեղի ունենում, ուրիշ որևէ խմորում չկա Արցախում: Անհո՛գ եղեք, նման բաներ Արցախում չկան:
-Իսկ ինչպե՞ս են Արցախում վերաբերվում օրերս ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե «տարածքներ անվտանգության դիմաց» ձևաչափը այսուհետ փոխարինվում է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» ձևաչափով:
-Այո, մենք համամիտ ենք, մենք դրա մասին ասում ենք տարիներ շարունակ: Ես ուզում եմ մի բան նորից շեշտել. Երբ որ Ադրբեջանը խոսում է, որ գալու է Ստեփանակերտ, Շուշի և այլն (միշտ, կարծես թե, նման հայտարարություններ է անում), ես ասում եմ հետևյալը. դրան երկու տարբերակ կա, մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ երկու տարբերակը լինի: Նախ, նորմալ դիվանագիտական ճանաչումից հետո նրանք այստեղ ուղարկում են իրենց դիվանագիտական առաքելությունը կատարողին՝ դեսպան, չգիտեմ, այլ ինչ-որ պաշտոնյաներն ասենք՝ հյուպատոսներ, կամ որպես ռազմագերիներ մասնակցեն մեր հաղթական շքերթին Վերածնունդի հրապարակում, այլ տարբերակ չկա: Հետևաբար, սա՝ որպես համալրում պարոն Դավիթ Տոնոյանի ասածին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը