27 03 2019

ՊԵԿ-ը տնտեսվարողին 3 միլիոնի վնաս է հասցրել․ «ՀԺ»

ՊԵԿ-ը տնտեսվարողին 3 միլիոնի վնաս է հասցրել․ «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է․ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությանն է դիմել քաղաքացի Գայանե Կիրակոսյանը։ Կիրակոսյանը իր անունով ԱՁ ունի, որը զբաղվում է կնիքների արտադրությամբ։

Անհատ ձեռներեցը պատմեց, որ ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեի գնումների բաժնի աշխատակիցներ Հասմիկ Դուրգարյանը եւ Մարիաննա Վանյանը զանգահարել են ընկերություն եւ բանավոր պատվիրել են 756 հատ դրոշմակնիք եւ 86 հատ կլոր կնիք։ Պատվերը ստանալուց հետո ընկերությունը պատրաստել է անհրաժեշտ քանակով կնիքները եւ տարել է ՊԵԿ գնումների բաժին, որտեղ էլ վերոնշյալ աշխատակիցները ստորագրել եւ ստացել են պատվերը։

Կիրակոսյանի խոսքով՝ դրանից հետո ՊԵԿ-ը մրցույթ է հայտարարել կնիքների եւ դրոշմակնիքների համար` աճուրդային կարգով։ Սակայն ընկերությունը չի կարողացել մասնակցել այդ մրցույթին, քանի որ տեխնիկական պատճառով նրանց գաղտնաբառը արգելափակվել էր։ «Մրցույթն այլ ընկերություն հաղթեց, մեզ էլ ասեցին՝ եկեք ձեր կնիքներն ու դրոշմակնիքները տարեք` մենք մեր աշխատողներին նկատողություն ենք տվել»,- ասաց Կիրակոսյանը։

Նա նշեց, որ կնիքները եւ դրոշմակնիքները հետ չեն վերցրել եւ պահանջել են 3 միլիոն դրամ փոխհատուցում՝ կատարած աշխատանքի համար, սակայն մինչ օրս ՊԵԿ-ը քայլ չի կատարել խնդիրը լուծելու համար:

Կիրակոսյանը պատմեց, որ կնիքները պատրաստվել էին մաքսային եւ հարկային ծառայությունների համար։ Այժմ նա պահանջում է կնիքների պատրաստման դիմաց փոխհատուցում 3 միլիոն դրամի չափով․ «Այդ կնիքները եւ դրոշմակնիքները չէինք պատրաստի, եթե պատվեր չլիներ։ Ծախս ենք արել` իրենց մեղքով է, ուրեմն թող փոխհատուցեն»,- ասաց նա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ