Zham.am-ը գրում է․ «Ինչպես հայտնի է նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին ՍԴ անդամի պաշտոնում ԱԺ-ին է ներկայացրել փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Մինչդեռ այդ պաշտոնին առաջադրվել էր նաև հայտնի լևոնական փաստաբան Վահե Գրիգորյանը՝ այն նույն փաստաբանը, ով վերջին տարիներին ակտիվորեն զբաղված էր տեր-պետրոսյանական թիմի անդամների շահերի պաշտպանությամբ: Իսկ վերջին ժամանակահատվածում նրա անունը հնչեցվեց նաև հայտնի Վանեցյան-Խաչատրյան գաղտնալսման ընթացքում, որից պարզ երևում էր, որ սույն փաստաբանը ակտիվորեն ներգրավված էր նաև ՀՀ 2-րդ նախագահի դեմ ուղղված գործողությունների մեջ:
Ինչևիցե, փաստ է այն, որ Արմեն Սարգսյանի որոշումը չառաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ծանր են տանում Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի ճամբարներում: Իսկ Արմեն Սարգսյանի նման որոշումը պայմանավորված էր իրականում այն հանգամանքով, որ Վահե Գրիգորյանը մինչ այսօր էլ չի թաքցնում իր քամահրամայական վերաբերմունքը նախագահի հանդեպ: Բանն այն է, որ առաջին անգամ, Արմեն Սարգսյանը հենց Վահե Գրիգորյանի թեկնածությունն էր առաջադրել այս պաշտոնում, սակայն այն ժամանակվա ՀՀԿ-ական մեծամասնությունը ԱԺ-ում, հասկանալի պատճառով, մերժեց այն: Սակայն ամենազավեշտալին այն էր, որ նույնիսկ այդ պարագայում Վահե Գրիգորյանը իր արհամարհանքն էր ցույց տալիս Արմեն Սարգսյանի նկատմամբ, կասկածի տակ դնելով իր լեգիտիմությունը: Քաղաքականը մի կողմ, սա ցույց էր տալիս այս անձնավորության մարդկային որակն ու անսահման ցինիզմը: Քանզի եթե դու լեգիտիմ չես համարում այդ պաշտոնում ընտրված մարդուն, ապա ինչպե՞ս ես համաձայնվում լինել նրա թեկնածուն: Դրանից հետո խոսել նրա մասնագիտական որակների մասին պարզապես լկտիություն է: Հասկանալի է, որ այս իրավիճակում ցանկացած իր ինքնասիրությունը հարգող մարդ չէր շարունակի փաստաբան Գրիգորյանի թեկնածությունը կրկին առաջադրել: Հենց այդպես էլ Արմեն Սարգսյանը վարվում է:
Մանավանդ որ ԱԺ կանոկարգի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ եթե չի ընտրվում ՍԴ դատավոր, ապա իրավասու մարմինն առաջադրում է նոր թեկնածու և, քանի որխորհրդարանը մշտապես գործող մարմին է, իսկ նախորդ գումարման Ազգային ժողովում Վահե Գրիգորյանն արդեն չի ընտրվել, իրավասու մարմինը պետք է առաջադրի նոր թեկնածու։
Ճիշտ է, նախագահն կարող էր սպասել մինչև ապրիլի 1-ը և կրկին առաջարկեր իրեն լեգիտիմ չհամարող Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Սակայն դրանից հետո, հասկանալի պատճառներով, նրա ճակատին կդաջվեր «անինքնասեր» մականունը: Սակայ քանի որ նախագահն որոշեց, որ իր սեփական արժանապատվությունը չպիտի ոտնահարվի, դրա արդյունքում առաջադրեց ՍԴ անդամի այլ թեկնածուի, ինչի պատճառով էլ դժգոհություն առաջացրեց նիկոլա-լևոնական շրջանակների մոտ:
Ավելին, Փաշինյանի թիմակիցները ակնարկում են, որ Արմեն Սարգսյանի թեկնածուին ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցությունը տապալելու է, ինչպես անցած տարվա հոկտեմբերին ԱԺ-ի ՀՀԿ խմբակցությունը տապալեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
Ըստ ԱԺ կանոնակարգի, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվելու է թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, այսինքն՝ եկող շաբաթ։ Իսկ թե ինչպիսին կլինի փաշինյանականների որոշումը այս հարցում դեռ վերջնական հայտնի չէ: Պարզ է մեկ բան, որ Փաշինյանի կողմից հռչակված «սիրո և հանդուրժողականության» գաղափարից այլևս ոչինչ չի մնացել:
Արդեն հանրության մեծ մասի համար ակնհայտ է, որ Փաշինյանի ձեռքերով երկրում փորձ է կատարվում իրականացնել ՀՀՇ-ի վարկաբեկված մասի սողացող ռևանշը և երկրի կարևոր պաշտոններում, Փաշինյանը փորձում է վերադարձնել նախկիններին:
Ինչը կրկին անգամ ապացուցում է այն փաստը, որ նա փորձում է հենվել, ոչ թե իսկապես նոր և անաչառ մարդկանց վրա, այլ փորձված և փչացած կադրերի վրա, որպեսզի իր հենարանը ավելի վստահելի լինի:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը