23 03 2019

Եվս մեկ բողոքի ալիք․ Փաշինյանն ի զորու չի լինի խնդիրը լուծել․ «Ժողովուրդ»

Եվս մեկ բողոքի ալիք․ Փաշինյանն ի զորու չի լինի խնդիրը լուծել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում բողոքի ևս մեկ ալիք է հասունանում, առաջիկայում հնարավոր է բարձրանան արտերկրից ներկրվող ավտոմեքե­նաների մաքսատուրքերը, ինչն էլ կհանգեցնի մեքենաների արժեքի բարձրացման: Երեկ ԱԺ-ում ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, թե ՀՀ-ն մինչև հիմա օգտվել է անցումային ժամանակահատվա­ծի հնարավորություններից, մինչդեռ 2020թ. այդ ժամկետն ավարտվում է: ՈՒ թեև ՀՀ իշխանությունները փորձելու են բանակցել ԵԱՏՄ անդամ երկրների հետ, բայց հնարավոր է՝ զիջումներ չլինեն:

«Հայտնի է, որ երրորդ երկրներից ՀՀ ներմուծվող մեքենաների զգալի մասը հեշտ արտահանվում է ԵՏՄ անդամ երկրներ: Պատճառն այն է, որ ՀՀ-ում մաքսատուրքերն ավելի ցածր են, քան ԵՏՄ մյուս երկրներում, և սա բոլորը գիտեն: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ցածր մաքսատուրքով մեքենաները ՀՀ բերվելուց հետո, տարվելով ԵՏՄ շուկաներ, կրճատում են ԵՏՄ երկրներ ներմուծվող մեքենաների ծավալը, հետևաբար այդ երկրներին «զրկում» են բարձր մաքսատուրք ստանալու հնարավորությունից, այստեղ, իհարկե, շահերի հակասություն կա»,- ասել է նա՝ հավելելով,- «Ան­ցումային ժամանակահատվածն ավարտվում է, ուստի մենք կփորձենք հիմնավորել մեր տեսակետը: Բայց հաշվի առնենք, որ հակափաստարկներ էլ են լինելու ԵՏՄ մյուս գործընկերների կողմից»:

Բնականաբար, տեղի ունեցողը հասարակության որոշակի հատվածի մոտ դժգոհության ալիք կբարձրացնի, և քանի որ մարդիկ ակնկալիքներ ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, հենց նրան էլ դիմելու են խնդիրը լուծելու համար, սակայն ապարդյուն, քանի որ այս խնդրի լուծումը միայն ՀՀ իրավասությունների շրջանակներում չէ, այլ կախված է ԵԱՏՄ անդամ պետություններից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ