«Հրապարակ»-ը գրում է․ «Պետությունների առաջին դեմքերը խորհրդականների ու օգնականների, խոսնակների ու իմիջմեյքերների, սպիչռայթերների ու թիկնապահների հսկա բանակ են պահում, որ իրենց խորհուրդ տան՝ ինչ անել եւ ինչ չանել, ինչպես անել եւ ումով անել։ Բայց երբ այդ բանակն իր տեղում չէ՝ չունի համապատասխան գիտելիքներ եւ ինքն էլ չգիտի՝ ինչը, ինչպես եւ ումով անել, կողմնորոշվելու գործը մնում է առաջին դեմքի ուսերին։ Այ, եթե Նիկոլ Փաշինյանը նորմալ օգնական ունենար, նրան անպայման խորհուրդ կտային, որ խոսքը կառուցելիս ոչ թե անորոշ ու երկիմաստ հայտարարություններ անի, որոնք կարող են կամայականորեն մեկնաբանվել ունկնդրի կողմից, այլ հստակ եւ փաստարկված խոսք ասել։
Այդ պարագայում՝ «3 սենյակներում» իր դեմ հյուսվող դավադրությունների, «ԶԼՄ-ների 90 տոկոսը» նախկիններին պատկանելու, հակառակորդի բանակում շպիոններ ունենալու մասին հայտարարությունները չէին լինի։ Եթե նորմալ սպիչռայթեր ունենար, եւ իր ելույթների վրա նախապես հանգամանալից աշխատեին, ապա «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» արտահայտությունները դժվար թե հնչած լինեին՝ դրանցից բխող բոլոր հետեւանքներով։ Եթե իրավական թեմաներով գրագետ կոնսուլտանտ ունենար, ապա նրան գուցե կարողանային համոզել, որ անցումային արդարադատության եւ առանց դատուդատաստանի ունեցվածքը խլելու թեզերը վտանգավոր են եւ վնասակար։
Եթե հանրային հոգեբանությունից հասկացող մասնագետ լիներ կողքին, գուցե բացատրեին, որ ուղղաթիռի պարտադիր եւ առանց ուղեւոր թռիչքներ կատարելու մասին հայտարարությունը եթե անգամ հիմքեր ունի, ապա հանրային լսարանին դժվար թե արժանահավատ թվա։ Եվ վերջապես՝ եթե սրտացավ ու խիզախ մարդ լիներ վարչապետի աշխատակազմում, ապա կհուշեր՝ եթե ասելիք չունես, ասուլիս մի հրավիրի, դա բոլորովին պարտադիր չէ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը