22 03 2019

Արմեն Սարգսյանի հեռանկարը՝ իրական վտանգ Փաշինյանի համար․ «Իրատես»

Արմեն Սարգսյանի հեռանկարը՝ իրական վտանգ Փաշինյանի համար․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Արմեն Սարգսյանի աճող վարկանիշի և հնարավոր այլընտրանք ընկալվելու տիրույթում պետք է դիտարկել վարչապետ-նախագահ ակնհայտ հակամարտությունն ու մրցակցությունը։ Վերջին օրերին մենք ականատես եղանք բացահայտ երկու դրվագի։ 

Արմեն Սարգսյանը միայն ձևականորեն հրավիրվեց Արցախում կայանալիք երկու երկրների անվտանգության խորհրդի նիստին։ Եվ քանզի հրավերի մեթոդոլոգիան նախագահի սրտով չէր, վերջինիս գրասենյակը պաշտոնապես հայտարարեց` քանի որ ուշ երեկոյան է ստացվել հրավերը, տեխնիկական պատճառներով այն ընդունել հնարավոր չէր։

Որպես փորձված քաղաքական գործիչ և դիվանագետ՝ Արմեն Սարգսյանը հրավերի այս ձևը գուցե համարեց վիրավորանք, ոչ հարիր վերաբերմունք իր կարգավիճակին։ Վարչապետ Փաշինյանն էլ իր վերջին ասուլիսում առանձնապես չթաքցրեց, որ պրոտոկոլային որոշակի խախտումներ եղել են։ Մի քիչ դժվար է լուրջ ընդունել վարչապետի այն փաստարկը, թե ինքը զանգում էր Արմեն Սարգսյանին և չէր կարողանում վերջինիս հետ կապ հաստատել, ուստի երրորդ դեմքին է պատվիրում նախագահին հրավիրել Անվտանգության խորհրդի նիստին։

Տեխնոլոգիաների և զարգացած կապի այս դարում նման մանրուքներ վկայակոչելն այնքան էլ լուրջ չէ, մանավանդ որ այս երկու գործիչներն էլ շատ հմտորեն օգտվում են կապի նորագույն տեխնոլոգիաներից։ Եվ վարչապետի կողմից ասուլիսում հնչեցված հայտարարությունը, ըստ էության, դեմարշ էր նախագահի հասցեին։

Եվ երկրորդ դրվագը, որ երևան է հանում վարչապետի ու նախագահի միջև տարաձայնությունները. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու այցի ժամանակ վարչապետն ու նախագահը առանձին-առանձին ընթրիքի են հրավիրել Վպաստանի նախագահին՝ միմյանց սակայն չհրավիրելով այդ ընդունելություններին։ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն փորձում է Արմեն Սարգսյանին իր տեղը ցույց տալ։ Այստեղ կարծես թե խաղը բաց է ընթանում։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ իշխանական ուղղվածության լրատվամիջոցներում քննարկվում է նախագահի հնարավոր իմփիչմենտի հարցը խորհրդարանում, որտեղ իշխող քաղաքական ուժը ճնշող մեծամասնություն ունի։ Այդ սպառնալիքն անընդհատ կախվում է Արմեն Սարգսյանի գլխին, որպեսզի վերջինս զսպի իր և իր վրա խաղադրույք կատարող անձանց հնարավոր ամբիցիաները։

Նկատենք, սակայն, որ Արմեն Սարգսյանն ու նրա թիմը բավականին գրագետ են գործում։ Թե՛ PR-ի, թե՛ քաղաքական հանդիպումների տեսակետից Արմեն Սարգսյանը շատ շահեկան դիրքերում է։ Ըստ էության, նա հանդիպում է մարդկանց, ում այսօր անտեսում է Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, նախագահն ընդունեց գործող կառավարության կողմից անտեսվող Լևոն Արոնյանին։ Հավանաբար Լևոն Արոնյանի միակ մեղքն այն է, որ շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է։ Արմեն Սարգսյանն օրերս հանդիպում ունեցավ նաև լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի տիկնոջ հետ։ Սա նույնպես որոշակի ընտրազանգվածի վրա ազդեցություն ունեցող գործոն է։ Բացի այդ, դա կարող է լուրջ ուղերձ հանդիսանալ Ռուսաստանին, որն իր փափուկ ուժի քաղաքականությունը հիմնականում կառուցում է Հայրենական մեծ պատերազմում հայ և ռուս ժողովուրդների համատեղ պայքարի վրա։

Արմեն Սարգսյանի գործունեությունը բազմավեկտոր է։ Թե՛ Բայդենի, թե՛ Ռուսաստանի հետ կապված անձանց հետ ակտիվ շփումները հուշում են, որ ՀՀ նախագահը աշխարհաքաղաքական կենտրոններին ցանկանում է հասկացնել, որ իրադարձությունների որոշակի դասավորվածության դեպքում կարող են իր վրա խաղադրույք կատարել։ Այս պարագայում հասկանալի է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի արձագանքը. նրանք որպես իրական վտանգ տեսնում են հենց Արմեն Սարգսյանին ու նրա հետ կապված հեռանկարը»,-գրում է թերթը:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ