Politik.am-ը գրում է
«Մեր հավաստի տեղեկություններով՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կանանց տոների կապակցությամբ պարգևատրել է ինքն իրեն և նախարարության աշխատակազմին: Նախարար Թորոսյանն ինքն իրեն պարգևատրել է աշխատավարձի եռապատիկի չափով: Նախարարի ամսական աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ: Ըստ այդմ, Մարտի 8-ի կապացությամբ Թորոսյանը ինքն իրեն պարգևատրել է 2 մլն 381 հազար դրամով, որը մոտ 5000 ԱՄՆ դոլար է կազմում:
Իր տեղակալներ Արսեն Դավթյանին, Անահիտ Ավանեսյանին և Լենա Նանուշյանին Թորոսյանը պարգևատրել է նրանց աշխատավարձի կրկնակիի չափով: Մինչդեռ նախարարության ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները՝ վարչության պետերը, պարգևատրվել են 1 աշխատավարձի չափով, իսկ շարքային աշխատակիցները՝ աշխատավարձի 20-ից 30 տոկոսի չափով:
Փաստացի, Արսեն Թորոսյանը ոչ միայն յուրայիններին շատ է պարգևատրել, մյուսներին՝ քիչ, այլև ինքն իրեն պարգևատրելով օրենք է խախտել, քանի որ համաձայն գործող օրենսդրության՝ նախարարի նկատմամբ խրախուսման և պատժի միջոցներ սահմանելու լիազորությունը վերապահված է վարչապետին: Այսինքն՝ մի կողմ թողնելով ինքն իրեն 2 մլնից ավելի պարգևավճար տալու հարցի բարոյական կողմը, ըստ օրենքի՝ Արսեն Թորոսյանն ինքն իրեն պարգևատրելու իրավունք չուներ:
Հավելենք, որ Politik.am-ը հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել պարգևատրված աշխատակիցների ցանկն ու պարգևատրումների չափը: Նախարարության արձագանքը կներկայացնենք հաջորդիվ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը