«Այն, որ երեխայի պայուսակը թույլատրելի կիլոգրամից ավելի պետք է չլինի, որևէ մեկն այդ խնդիրը չի կարող վիճարկել։ Բայց գրքերը երկու հատոր դարձնելը, չգիտեմ՝ լուծում կլինի՞, թե՞ ոչ։ Որովհետև Առողջապահության նախարարի հրամանով սահմանված պայուսակի քաշն այնքան փոքր է, որ այսօր եթե երկու հատոր դարձնեն, պայուսակներն այդ սահմանված քաշին կհամապատասխանե՞ն»,- 168.am-ի հետ զրույցում նշել է Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, ըստ որի` դասագրքերը մինչև 2023 թվականը կդառնան երկհատոր՝ դպրոցական պայուսակը թեթևացնելու համար։
Անահիտ Բախշյանի խոսքով՝ գրքերը երկհատոր դարձնելու համար անհրաժեշտ են ավելի հիմնավոր և համակարգային քայլեր, որոնց հիմքում պետք է լինի պետական չափորոշիչը, որը պետք է վերանայվի։
«Չնայած դա արդեն պետք է վերանայված լիներ, մինչև 2023 թվականը պետական չափորոշիչը կփոխվի, որին համապատասխան՝ կփոխվեն նաև ծրագրերն ու դասագրքերը։ Այդ դասագրքերն ավելի շատ պետք է պարունակեն ինտերակտիվ նյութեր։ Այսօր չօգտվել տեխնոլոգիաների հնարավորություններից, նաև՝ պայուսակները թեթևացնելու տեսանկյունից չգնալ դրան՝ կլինի դիլետանտ մոտեցում»,- եզրափակել է Անահիտ Բախշյանը։
Հիշեցնենք, որ օրերս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դպրոցական պայուսակները թեթևացնելու համար դասագրքերը կդարձնեն երկհատոր, և դրա համար ծնողներից հավելյալ ֆինանսական միջոցներ չի պահանջվելու: «Սա հնարավորություն կտա երեխաների համար երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները։ Մեր երեխաների առողջությունը մեզ համար կարևոր է»,- գրել էր ԿԳ նախարարը։
Հիշեցնենք, նաև որ նախարարի այս հայտարարությունն այդքան էլ հրատարակիչների սրտով չէ, քանի որ նրանք կարծում են, որ դա չի կարող խնդրին լուծում տալ։
Հավելենք, որ «Անտարես» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ գիրքը մեկ ամբողջական օրգանիզմ է, որը չի կարելի կիսել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը