Համակարգի ներսում աշխատող անձանց համար հասկանալի չէ գործադիրի շտապողականությունը, այն դեպքում, երբ Հայաստանի կառավարման ոլորտում ԵՄ-ի կողմից գնահատումները դեռևս ընթացքի մեջ են, ամբողջական կդառնան մինչև տարեվերջ: Իսկ դա նշանակում է, որ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա ԵՄ-ն առնվազն արդյունավետ կառավարում կպարտադրի ՀՀ-ին: Ուրեմն ինչո՞ւ այսօր հապշտապ քայլերի գնալ, եթե ամենաուշը մեկ տարի անց գործադիր իշխանության կառուցվածքում վերադասավորումների անհրաժեշտություն է լինելու:
Բացառված չէ նաև մյուս վարկածը՝ կառավարության օպտիմալացման ծրագիրը երկու փուլով իրականացվի: Ի դեպ, կառուցվածքային փոխփոխություններով գործընթացը գրագետ կազմակերպելու նպատակով, 168.am-ի տեղեկություններով՝ հեղափոխական կառավարությանն օգնության է հասել նախկին իշխանության պրոֆեսիոնալներից մեկը:
ՀՀ նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանին հաճախ են տեսնում կառավարության շենքում, նրա շփումները փոխվարչապետների հետ են ու պարբերական բնույթ են կրում: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հեղափոխական կառավարության հետ նախկին պաշտոնյայի համագործակցության պատճառը՝ Փաշինյանի ժամանակին արված առաջարկը վերանայելը չէ: ԿԲ նախկին անդամի, ՀՀ նախկին փոխվարչապետի ու կառավարման համակարգի լավագույն գիտակի կարողությունները գնահատվել են Եվրամիության կողմից: Ստացվում է՝ Վաչե Գաբրիելյանի կողմից մատուցվող ծառայություններն իրականում պատվիրակվել են ԵՄ-ի կողմից:
168.am-ի հետ զրույցում Վաչե Գաբրիելյանը հաստատեց համագործակցության մասին մեր տեղեկությունները՝ հերքելով միայն օպտիմալացման ծրագրում իր մեծ դերակատարում ունենալու մասին ինֆորմացիան:
«Օպտիմալացման ծրագիրն ինձ հետ որևէ կառույց չի քննարկել և չի քննարկում, առավել ևս, առաջարկներ որևէ տեղ չեմ ներկայացրել։ Մյուս կողմից՝ ենթադրվող կառավարման համակարգի փոփոխություններին ԵՄ նախաձեռնությունը՝ առանց ՀՀ համապատասխան պահանջի, իմ կարծիքով՝ տարօրինակ կլիներ»,- ասաց Վ. Գաբրիելյանը:
Մեր ճշտող հարցին, թե ի՞նչ հարթության վրա է նախորդ կառավարության անդամի համագործակցությունը նոր կառավարության հետ, Վաչե Գաբրիելյանն այսպես պարզաբանեց.
«ԵՄ և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի հետ ես համագործակցում եմ այլ հարթությամբ՝ պետական կառավարման համակարգի կարողունակության ԵՄ և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ)՝ համատեղ գնահատման (նախաձեռնված դեռևս 2017թ.), ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրացման շրջանակներում։ Հուսով եմ, համապատասխան փաստաթղթերի վերջնական և հրապարակայնացմանը պատրաստ լինելուն պես, դրանց վերաբերյալ բավարար տեղեկատվություն կտրամադրվի պատկան մարմինների կողմից, և կտեղեկանաք համագործակցության արդյունքներին և մանրամասներին»,- պարզաբանեց նախկին փոխվարչապետը։
Հնարավո՞ր է՝ ԵՄ և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության «ՍԻԳՄԱ» ծրագրի միջոցով Հայաստանում Քաղծառայության ինստիտուտի ուսումնասիրության և կառավարման համակարգի կարողությունների գնահատման արդյունքում պետական կառավարման համակարգին նորից կադրային կրճատումներ ու փոխատեղումներ պարտադրվի. Վաչե Գաբրիելյանը հավանական համարեց՝ նշելով, որ գնահատումների արդյունքներից, հնարավոր է, բխի կառավարման համակարգում որոշ վերադասավորումներ, իսկ կրճատումների մասով՝ ծրագրի մեթոդաբանությունը կոնկրետ գործողություն չի պահանջում:
Հայաստանում պետական կառավարման համակարգի վերաբերյալ հասարակության անվստահությունը եղել է միշտ ու բոլոր իշխանությունների կառավարման շրջանում: Մեզ մետ քաղծառայողի կայացող համակարգը գործ ունի նախկիններից ժառանգած հոգեբանական ու կարծրատիպային խնդիրների հետ, կայուն և պրոֆեսիոնալ քաղծառայության համակարգի հիմքում ծանոթ-բարեկամ հարաբերությունները միշտ էլ որոշիչ դեր են ունեցել, ինչպես այսօր: Իսկ լուծումը, որպես կանոն, կրճատումներն են դիտարկվել: Այսօր նույն աժիոտաժը ստեղծվել է հեղափոխական կառավարության գործող համակարգում: Գործադիրն իր աշխատանքի արդյունավետության դաշտում կառավարման եղած կառուցվածքն իբր խոչընդոտ է համարում: Աշխատակազմի ունակությունները զարգացնելու, ժամանակակից գործիքների կիրառման հնարավորությունների փոխարեն՝ վարվում է ուրիշ քաղաքականություն: Անձնական կապերով ամեն խաղացողի իր հետ համակարգ է բերում սեփական թիմը, տապալած համակարգից մնացած աշխատուժին էլ՝ գործառույթների վերաբաշխման միջոցով հեռացնում է որոշում կայացնողի իրավասության շրջանակներից:
Աշխատանքի արագ արդյունավետ բաղադրիչները բոլոր կրճատումների պլանում միշտ էլ ածանցյալ են համարվել: Կառուցվածքային բարեփոխումների ճիշտ օրակարգը կրճատումները, կամ, ինչպես իշխող ուժն է պնդում՝ օպտիմալացումով նախարարությունների կրճատումը չէ: Որպեսզի կառավարման համակարգն արդյունավետ աշխատի, կենսական պահանջ է օրենսդրական այնպիսի փոփոխությունների իրականացումը, որպեսզի համակարգը կրի անհատի առաջխաղացման, ունակությունները զարգացնելու հնարավորություն: Միջազգային կազմակերպությունների կողմից հաճախ է անկախ գնահատումը բացահայտում կառավարման համակարգում մեր թույլ կողմերը:
Քաղաքացիական ծառայության համակարգը չի տալիս հնարավորություն արժանիքների գնահատման միջոցով առաջխաղացման համար: Քաղծառայողի ինտիտուտը պիտի կրի փոփոխություններ նաև աշխատանքը հրապուրիչ դարձնելու տեսանկյունից:
Պետության ամենամեծ գործատուն՝ գործադիր մարմինը, կառավարման գրեթե բոլոր օղակներում պետք է մրցունակ լինի մասնավոր սեկտորի գործատուի հետ: Մասնավորում կադրերի ընտրությունն ու առաջխաղացումը, աշխատանքի կատարողականի գնահատումն ու վարձատրության չափը միմյանց փոխկապակցված գործոններ են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը