05 03 2019

Արջի ծառայություն՝ Նիկոլ Փաշինյանին․ «168 Ժամ»

Արջի ծառայություն՝ Նիկոլ Փաշինյանին․ «168 Ժամ»

«168» Ժամ»-ը գրում է․ «Նախօրեին, գիշերը Երևանի կենտրոնում հարձակման է ենթարկվել սոցիալական ցանցերում իր ընդդիմադիր գրառումներով հայտնի ակտիվիստ Նարեկ Մալյանը։ Ինչպես երևում է ավելի ուշ տարածված տեսանյութերից, 10-ից ավելի հարձակվողների թվում եղել են տարբեր քաղաքացիական շարժումների ակտիվիստներ, այդ թվում՝ համալսարանական «Ռեստարտ» շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը։ Ոստիկանների միջամտությունից հետո միջադեպը կանխվել է, հարձակվողները չեն կարողացել ծեծի ենթարկել Մալյանին։ Տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։

Կատարվածը, սակայն, սոսկ երիտասարդական ավյունով պայմանավորված միջադեպ չէ։ Այն հետհեղափոխական Հայաստանում ձևավորված մթնոլորտի վատ դրսևորում է, բոլորին սևերի ու սպիտակների բաժանելու արատավոր իրողության արտահայտություն։ Մալյանի ընդդիմադիր գործունեությունը գուցե հաճելի չէ շատերին, սակայն Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ խոսքի ազատությունն ու իրավունքը պաշտպանված են սահմանադրությամբ։ Հարձակում իրականացրած երիտասարդները համարել են, սակայն, որ սահմանադրությունից վեր է «հեղափոխականությունը» և այն, որ իրենք ցանկանում են ծեծել Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր մեկին, կարող է բարձր գնահատվել իշխանության կողմից։ Իրականում, սակայն, սա արջի ծառայություն է նույն Նիկոլ Փաշինյանին, քանի որ հասկանալի է՝ բոլոր սլաքներն ուղղվելու են իր դեմ։

Եվ պատահական չէ, որ հենց առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել գրառմամբ. «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք, ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»:

Վարչապետի այս գրառումը, իհարկե, դրական է, սակայն այն հազիվ թե ցանկալի արդյունք ապահովի, քանի որ հենց երեկ Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, սոցիալական ցանցերում չէին թաքցնում իրենց հրճվանքն ու ուրախությունը։ Նրանք բոլորն իրականում ուրախանում են Նիկոլ Փաշինյանի դժբախտության վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ