02 03 2019

Նոր զարգացումներ՝ ղարաբաղյան հարցում․ «168 ժամ»

Նոր զարգացումներ՝ ղարաբաղյան հարցում․ «168 ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել իրենց վերջին տարածաշրջանային այցի և առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին։ Հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ կոնկրետություն չկա, համանախագահները խոսում են ընդամենը մտադրության մասին։

Բայց ուշագրավ է, որ համանախագահները հայտարարությամբ են հանդես գալիս իրենց տարածաշրջանային այցից օրեր անց միայն, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հնչեցին հայտարարություններ երկու կողմից էլ։ Նախ՝ Իրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում սպասվում է իր և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը, սակայն, լինելու է հանդիպում առանց օրակարգի և նվիրված է լինելու բանակցային ձևաչափի ճշգրտմանը։

Փաշինյանը նկատի ուներ բանակցություններում Արցախի ներգրավման հնարավորությունը։ Դրան անմիջապես հետևեց Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը չի պատրաստվում ներգրավվել Արցախի մասնակցությամբ որևէ ձևաչափի։ Այս երկու հայտարարություններից հետո, ահա, հնչում է համանախագահների հայտարարությունը երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման վերաբերյալ։

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ զարգացումներ են ընթանում։ Դրանք առայժմ անտեսանելի են, սակայն ակնհայտ է, որ բանակցային գործընթացի տեմպն էականորեն ավելացել է։

Ի՞նչ զարգացումներ են դրանք, ի՞նչ հնարավորություններ ու սպառնալիքներ են պարունակում դրանք հայկական կողմերի համար, պարզ կդառնա առաջիկայում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ