«Հրապարակ»-ը գրել է․ «Շատ հետաքրքիր ժողովուրդ ենք։ Կարող ենք տասնամյակներով հանդուրժել ցանկացած իշխանության, ատամները սեղմած ապրել եւ հանկարծ մի օր հեղեղի նման լցվել փողոցներն ու սրբել-տանել ճանապարհին հայտնված ամեն բան՝ լավն ու վատը, թացն ու չորն իրար խառնած։ Կարող ենք լռել ու դիմանալ շատ երկար, իսկ լռության կապանքներից ազատվելուց հետո միանգամից դառնալ պահանջատեր ու թույն քննադատ։
Կարող ենք տարիներ շարունակ ոչինչ չանել խոսքի ազատության մեր բաժինն ունենալու համար, տարիներ շարունակ մեղադրել լրագրողներին ու ազատ արտահայտվող մարդկանց՝ այդ իրավունքից օգտվելու համար, իսկ երբ հանկարծ հրաշքով ստանանք այդ ազատությունը, այն շփոթենք հայհոյախոսության ու այլախոհներին ճնշելու, թույն ու մաղձ տարածելու, անպատասխանատու հայտարարություններ անելու հետ։
Եվ ամենակարեւորը՝ երբեք ոչ մի պատասխանատվություն չստանձնենք մամուլի եւ լրագրողների համար, ոչնչով չնպաստենք նրանց աշխատանքին, սակայն մեծ, շա՜տ մեծ պահանջներ ներկայացնենք նրանց։ Աշխարհի բոլոր մեղքերը բարդենք մամուլի ու լրագրողների վրա, մեր չարածը պահանջենք մամուլից ու լրագրողներից։ Ինչ-որ իրադարձություն է կատարվել, եւ չե՞նք հաղորդել՝ տեսեք ինչ վատ են աշխատում լրագրողները։
Բանտում հացադուլից մա՞րդ է մահացել՝ որտե՞ղ էին լրագրողները՝ ինչո՞ւ չկանխեցին։ Իշխանությունը սխալ քա՞յլ է արել՝ ժամանակին չզգուշացրեցին լրագրողները։ Ինչ-որ վերլուծություն չի՞ արվել՝ խորաթափանց չեն այս լրագրողները։ Եվ աստված չանի, եթե հանկարծ ինչ-որ բան սխալ գրեն լրագրողները՝ չէ՞ որ նրանք սխալվելու իրավունք չունեն։ Յուրաքանչյուր հոդվածի տակ պատրաստ են «պատվեր» ու «շահ» փնտրել, դատափետել ու անարգանքի սյունին գամել, երբեմն ավելի դաժան, քան մեզանում անում են քրեական հանցագործների հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը