23 02 2019

«Իմ քայլը», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու իներցիան․ «168 Ժամ»

«Իմ քայլը», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու իներցիան․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Երբ օրեր առաջ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 1000 խոշոր հարկատուների ցանկը, այն բուռն քննարկումների ալիք առաջացրեց: Նախ և առաջ՝ բոլորի ուշադրությունը գրավեց, որ լուրջ փոփոխություններ է եղել առաջին հորիզոնականներում, ինչի արդյունքում մի շարք նախկին գիգանտներ այս տարի բավականին համեստ հարկային արդյունք են գրանցել:

Իհարկե, իշխանության կողմից եղան արդարացումներ, մեկնաբանություններ, սակայն որքան էլ որ դրանք շատ լինեն, միևնույն է, առաջին հայացքից պարզ երևում է, որ ինչ-որ բան այն չէ, իսկ թե ինչը, բնականաբար, գիտենք բոլորս, սակայն բարձրաձայն չենք կարող ասել, քանի որ ՊԵԿ-ի փակ վարագույրների ետևում չի երևում գոյացած ու չվճարված հարկերի չափը: Սակայն, արի ու տես, որ այդ արդյունքներով մտահոգվելու փոխարեն՝ իշխանությունը լրիվ հակառակ պատկերն է ներկայացնում:

Տնտեսագիտությունից հեռու, կամ երբեմն նույնիսկ շատ հեռու գտնվող մարդիկ  փորձում են խելացի մասնագիտական մտքեր ու հաշվարկներ կատարել, ավելին, այդ մասին ելույթներ ու հարցազրույցներ են ունենում, ինչի արդյունքը լինում է ոչ այլ ինչ, քան զավեշտալի իրավիճակում հայտնվելը:

Նման մի դեպք արձանագրվեց օրերս։ ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խրոխտ դեմքով հայտարարեց. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը անցած տարի, նկատի ունեմ 2017թ., վճարել է 18 միլիարդ հարկ։ Էս անցած տարի վճարել է 42 միլիարդ հարկ։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է տեղի ունենում։ Դուք լսո՞ւմ եք՝ ինչ եմ ասում։ 18 միլիարդ և 42 միլիարդ։ Էստեղ խոսքը ոչ թե՝ 70, այլ՝ 300 տոկոսի մասին է։ Հարկերի պատճառով եկամուտներն են թաքցրել։ Մոտավորապես 200 միլիոն թաքցրել են»։

Այստեղ, իհարկե, պետք է նախ և առաջ ոչ երանի ասենք Աղազարյանի մաթեմատիկայի ուսուցչին, քանի որ նրա պատգամավոր սանը 42 միլիարդը համարում է 18 միլիարդի 300 տոկոսը:

Բացի այն, որ իշխանական ուժի պատգամավորը 80 տոկոսով սխալ է հաշվում, նաև մոռանում է, որ պետք էր հաշվել, թե 18-ը 42-ի քանի տոկոսն է, և ստանալ 50-60 տոկոս միջակայք: Սակայն ամենազավեշտալին, թերևս, դա չէ:

Եթերում վստահ և խրոխտ ձայնով մաթեմատիկա առարկան բնաջնջելուց զատ՝ Աղազարյանը նաև ձեռքի հետ 10 միլիարդով ավելացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերը, փաստացի 32 միլիարդի պարագայում վստահորեն մի քանի անգամ արտաբերելով 42 միլիարդ թիվը:

Վերոնշյալը, թերևս, կարելի կլիներ վրիպակ, զուտ մաթեմատիկական անճշտություն կամ թեկուզև անգրագիտություն որակել, եթե չլինեին պատգամավորի կատարած մյուս շեշտադրումները և համեմատականը նախորդ տարիների հետ: Հավաքագրված հարկերի մասին խոսող պաշտոնյան պետք է գոնե մի թեթև թրեյնինգ անցած լինի տնտեսագիտության մասին, կամ գոնե թերթ կարդա, կամ հեռուստացույցով թեմատիկ հաղորդում դիտի, որովհետև այդ պարագայում հաստատ կիմանար, որ կազմակերպության, հատկապես՝ հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպության կողմից վճարված հարկերի մեծությունն ուղիղ կապ ունի ապրանքի գնի հետ: Իսկ պղնձի շուկայում վերջին տարիներին նկատվում է գների շարունակական բարձրացում:

Եթե 2016 թվականին պղձի մեկ տոննայի միջին գինը կազմել է 4868 դոլար, ապա արդեն 2018թ. մեկ տոննայի համաշխարհային գինը հասել է 6570 դոլարի մակարդակին: Ճիշտ է, տարեվերջին պղնձի գների նվազում է նկատվում, սակայն տարեկան կտրվածքով այն ակնհայտ բարձր է նախորդ տարվա գներից:

Եվ այս պարագայում, երբ պղնձի գինն  աճել է ավելի քան  30 տոկոսով (հաշվարկը կատարվել է ոչ Աղազարյանի մեթոդով), հարկային մուտքերի համաչափ ավելացումը ոչ այլ ինչ է, քան պարզ տրամաբանություն, և  որևէ աղերս չունի Փաշինյանի կառավարության վարած քաղաքականության հետ: Ավելին, եթե իրենց իսկ լեքսիկոնով բացատրենք, ապա դա ԻՆԵՐՑԻԱ է, դրա հետ իրենք կապ չունեն, ճիշտ այնպես, ինչպես և այս հարցազրույցից հետո հասկացվեց, որ սույն պատգամավորը կապ չունի տնտեսագիտության հետ և պատգամավորական մանդատն էլ ստացել է դարձյալ իներցիայով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ