«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ գրեթե սենսացիոն հայտարարություն-հաղորդագրությամբ հանդես եկավ մայր բուհը՝ Երեւանի պետական համալսարանը։ ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստում համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պատմեց, թե ինչ ճնշումների է ենթարկվում մի դեպքում իշխանությունների, մյուս դեպքում՝ մի խումբ սորոսական ուսանողների կողմից։ Իշխանական ճնշումների թվում նա ներկայացրել է Պետական վերահսկողական ծառայության մոտեցումները, երբ ստուգումները չավարտված՝ համալսարանի եւ ռեկտորի հեղինակությանը վնասող հայտարարություններով հանդես եկավ ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։
Պատմել է նաեւ, որ պետությունը հրաժարվում է նշել ԵՊՀ 100-ամյակը՝ հանձնաժողով ձեւավորել, ֆինանսավորում հատկացնել, քանի դեռ ինքն է ռեկտորը։ Եվ կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մեկ շաբաթ առաջ բաց տեքստով առաջարկել է Արամ Սիմոնյանին՝ դիմում գրել, հեռանալ։
Շատերը, իհարկե, կարող են մեղադրել Սիմոնյանին՝ իսկ ինչո՞ւ չի հեռանում։ Չէ՞ որ նրան «ծնած» իշխանությունն այլեւս չկա, եւ Սերժ Սարգսյանի հեռացմամբ սկսված «սերնդափոխությունը» պետք է իր տրամաբանական ավարտին հասնի՝ հեղափոխականները չեն հանդարտվելու, քանի դեռ մինչեւ վերջին մարդը չեն հեռացրել նախկիններին եւ նրանց չեն փոխարինել երիտասարդ ու անփորձ կադրերով, որոնց վստահում են։
Սա մի անխուսափելի պրոցես է, որի դեմն առնելը նույնն է, որ վարարած գետի դեմն առնես։ Մանավանդ դժվար է Արամ Սիմոնյանին լավ ռեկտոր կոչելը։ Բայց կան նաեւ այլ կերպ մտածողներ, արժեքներ, որոնց մասին մոռանալ չարժե։ Ասենք՝ այն, որ ԵՊՀ-ն ավանդույթներ ունեցող, գրագետ եւ մտածող մարդկանցից կազմված հիմնարկ է։ Այսպես անփույթ եւ կամայական մոտեցում դրսեւորել այս բուհի եւ նրա կոլեկտիվի հանդեպ՝ չի կարելի։ Սա վտանգավոր ճանապարհ է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը