19 02 2019

Ամենամեծ հանցանքն ընտրողին թերագնահատելն է․ «Հրապարակ»

Ամենամեծ հանցանքն ընտրողին թերագնահատելն է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում որոշ անակնկալներ գրանցվեցին, որոշ տեղերում ամեն ինչ օրինաչափության սահմաններում էր։ Ամեն դեպքում՝ եթե նախընտրական փուլում եղել են որոշ ազդեցություններ եւ անհավասար մրցակցություն, ապա ընտրությունների արդյունքներին գրեթե ոչ ոք չի կասկածում, եւ դա հեղափոխության մենամեծ ձեռքբերումն է։ Բայց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, օրեր անց՝ սուպերնախարար Սուրեն Պապիկյանն այլ կարծիքի է։

Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է․ «Մենք թողել ենք հավասար հարթություն, բայց տեսնում ենք, որ կան համայնքներ, որտեղ գերիշխել է ընտանեկան կլանային մտածողությունը, եւ խոշոր ազգերի ներկայացուցիչները խնամիական կապեր ունեցող այլ ազգերի հետ կարողանում են կոալիցիա կազմել եւ ապահովել հաղթանակ»:

Իսկ ի՞նչ անօրինական բան կա նրանում, որ գյուղերում մեծ ընտանիքներն իրենց թեկնածուին են ընտրում, դա ինչո՞վ է խանգարում համայնքային կառավարման գաղափարին։ Ի վերջո՝ «Իմ քայլին» էլ ընտրեցին մի խոշոր ընտանիքի, համայնքի սկզբունքով։ Հիմա ամենակարեւոր հատվածը․ «Շատ համայնքներում մենք ունեինք ինտելեկտուալ թեկնածուներ․․․ բայց կրթական ցենզով բարձր շատ մարդիկ հավաքել են տասնապատիկ ավելի քիչ ձայներ», քան հաղթած թեկնածուները։ Ահա, ինչպես ասում են, հասանք՝ իջեք։

Բոլոր իշխանությունների ամենամեծ հանցանքը հենց քաղաքացու խելքը, միտքը, կողմնորոշվելու, ընտրելու ունակությունը թերագնահատելն է։ Իբր՝ մենք ավելի լավ ենք հասկանում, ավելի խելացի ենք, ավելի ճիշտ ընտրություն ենք կատարում, քան շարքային քաղաքացիները։ Այստեղից են սկսվում ընտրությունը կեղծելու ձգտումները։ Բայց չէ՞ որ հենց այդ «չկողմնորոշվող» զանգվածն է իրենց բերել իշխանության՝ այն էլ 70 տոկոս ձայն տալով։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ