18 02 2019

Մյունխենյան հանդիպումը չկայացավ. «168 Ժամ»

Մյունխենյան հանդիպումը չկայացավ. «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրել է․ «Երբ Անգելա Մերկելը Բեռլինում Նիկոլ Փաշինյանին հորդորեց խոսքից անցնել գործի, այսինքն՝ ի վերջո իրականացնել ղարաբաղյան հարցում միջազգային հանրությանը տված խոստումները, Նոր Հայաստանի առաջնորդը հանկարծ կտրուկ  հայտարարություններ արեց՝ փորձելով փոխել մինչ այդ իրականացված բանակցությունների ընթացքը։

Այս անսպասելի շրջադարձի վերաբերյալ երկու կարծիք հնչեց՝ կամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ներքին օգտագործման համար է, իսկ միջազգային հարթակներում նա շարունակելու է հին ընթացքը, կամ նա իսկապես հասկացել է, որ մինչ այս եղած ընթացքը կործանարար է, և փորձում է փրկել դրությունը։

Եթե անգամ ճիշտ է առաջին ենթադրությունը, ապա նման հայտարարությունները միջազգային հարթակներում հնչեցնելը որոշակի պարտավորություններ է առաջացնում, և համապատասխան արձագանքը չպետք է ուշանար։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն իր հեղափոխությունից հետո իր միջազգային լեգիտիմությունն ապահովելու համար նետվեց համաձայնելու ամեն ինչի՝ ենթադրելով, թե հետագայում միշտ էլ կարող է ետընթաց անել, ապա այստեղ նա խիստ սխալվում է։ Անցած գործընթացները թե բանակցությունների, թե Հայաստանի միջազգային իմիջի, և թե անգամ պաշտպանունակության տեսանկյունից՝ արդեն իսկ հանգեցրել են անշրջելի փոփոխությունների։ Ստեղծված իրավիճակը կարելի է համեմատել հմտորեն հյուսված ծուղակի հետ, երբ ամեն շարժում ավելի է ձգում պարանը և վիճակը դարձնում անելանելի։

Բեռլինյան ետքայլից հետո Նիկոլ Փաշինյանի վրա կազմակերպված գրոհ սկսեցին ռուսական լրատվամիջոցները։ Սկսեցին բացահայտել գաղտնի բանակցությունները, որ կողմերը վարում են Արցախի շուրջ, Նիկոլ Փաշինյանին մեղադրեցին ժողովրդից այդ ամենը թաքցնելու մեջ։ Որոշ լրատվամիջոցներ հասան նրան, որ բացահայտեցին մոտալուտ պատերազմի փաստը։

Սակայն ամենամեծ անակնկալը մատուցվեց Մյունխենում, երբ չեղարկվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարված փետրվարյան հանդիպումը, դրա փոխարեն՝ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը, ինչի վերաբերյալ նախապես չէր հայտարարվել։ Ցավոք, ճնշումները Հայաստանի իշխանությունների վրա շարունակվելու են՝ ստիպելով նրանց վերադառնալ նախօրոք համաձայնեցված օրակարգին և հասկացնելու, որ աշխարհաքաղաքական պրոցեսներին հանկարծակի  և ջղաձիգ շարժումներով անհնար է խոչընդոտել։ Բանակցությունների սեղանի մոտ հավաքված են հասուն մարդիկ, որոնք չեն ենթարկվում նույն օրենքներին, ինչ հրապարակի ամբոխը։

Քաղաքականության մեջ, մանավանդ՝ միջազգային, մի գրված կանոն կա՝ «ձեռք ես տվել, պետք է խաղաս», և դրա համար անողոք քաղաքականությունը մշակում է լուրջ, միջնորդավորված և ուղիղ երաշխավորման մեխանիզմներ։ Եթե մինչև այժմ բանակցությունների բացասական հերոսը Բաքուն էր, ով մերժում էր բերված առաջարկները, այժմ մերժողն ու բացասականը դառնում է Երևանը, ով ջնջել է բանակցությունների ավելի քան 25-ամյա օրակարգը և նոր հարցեր է առաջ քաշել։ Սրանով իսկ մենք, ով միշտ եղել է միջազգային հանրության ֆավորիտն այս բանակցային գործընթացում, այժմ սկսում ենք այդ դերը զիջել Ադրբեջանին։

Բացի այդ, երբ մենք սրբությամբ հավատարիմ էինք մնում վերելակային զինադադարի ոգուն և տառին, Ադրբեջանը շարունակում էր թե՛ պաշտպանական գծի, թե՛ բանակի շինարարությունը, և այժմ նա լուրջ գերակշռություն է ձեռք բերել մեր հանդեպ։ Եթե Հայաստանը փորձի խուսափել բանակցություններից, ապա չի բացառվում, որ Բաքուն գործարկի ռազմական լծակներն ավելի շուտ, քան նախատեսում էր։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը կարևորագույն էր համարում Համաշխարհային պատերազմից հետո խաղաղության հարատևությունը, ու նաև՝ Մեծ Բրիտանիայի դերն այդ գործում՝ որպես գերտերություն։ Չեմբեռլենի անդուլ ջանքերը, մաքոքային դիվանագիտությունը, ի վերջո, 1938թ. հանգեցրեցին Մյունխենյան համաձայնագրին նացիստական Գերմանիայի կողմից Սուդետների անեքսիայի վերաբերյալ, ինչը Երկրորդ համաշխարհայինը դարձրեց անխուսափելի։ Ստեղծվեց թակարդ, որից այլևս ոչ մի եվրոպական գերտերություն չէր կարող դուրս գալ, ինչը գործնականում նշանակում էր Երկրորդ համաշխարհայինի սկիզբը։ Բարի ցանկությունները միշտ չէ, որ հանգեցնում են բարի արդյունքների»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ