05 02 2019

Խոսքի ուժը. «Հրապարակ»

Խոսքի ուժը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «Ի սկզբանե Բանն էր՝ խոսքը։ Խոսքից է սկսվում և խոսքով է ավարտվում ամեն ինչ, ամեն լավ ու ամեն վատ բան։ Խոսքը կարող է հուսադրել ու հուսահատեցնել, խոսքով կարող ես ապաքինել ու ցավ պատճառել, խոսք կա՝ ապրեցնում է ու սպանում։ Իսկ մտավորականի տարբերությունը շարքային քաղաքացուց խոսքի ազնվության, ճշգրտության, խիզախության մեջ է, երբ բոլորը լռում են, իսկ Մտավորականը խոսում է։

Անգամ եթե այդ խոսքն անձնապես վնասում է իրեն, զրկանքներ ու կորուստներ պատճառում, անգամ եթե այդ խոսքն այսօր հասկացված չէ։ Հաճա՞խ ենք լսում նման խոսք այս համընդհանուր աղմուկի մեջ, անշուշտ՝ ոչ։ Մանավանդ հեղափոխությունից հետո, երբ զանգվածային դատապարտումների ու զանգվածային սիրո տեսարաններին ենք ամեն օր ականատես լինում։ Եվ անգամ նրանք, ովքեր համաձայն չեն այդ «զանգվածային» կարծիքի հետ, լռում են և իրենց լուռ համաձայնությամբ խրախուսում նրանց։

Օրերս մեր հայտնի բժիշկներից մեկը մասնավոր զրույցի ժամանակ խոստովանեց․ «Ես ինձ չեմ կարողանում ներել, որ բժիշկ Արա Մինասյանի դեմ կազմակերպված հաշվեհարդարի օրերին լռեցի։ Մտավորականի գործը մարդուն պաշտպանելն է՝ անգամ եթե նա անցյալում, ինչ-ինչ հարցերում սխալվել է, ու ես համաձայն չեմ եղել իր հետ»։ Իսկ դուք երբեւէ հակադրվե՞լ եք շրջապատի կարծիքին, երբևէ արտահայտե՞լ եք ձեր անհամաձայնությունն իշխանական տեսակետին, փորձե՞լ եք պաշտպանել մարդու, ով նեղ դրության մեջ է՝ մերժված ու հալածված։ Ձեր մեջ համարձակություն գտե՞լ եք դեմ գնալու ֆեյսբուքյան ամբոխին, փողոցում բղավողներին։ Թե՞ ձեր անհամաձայնությունը թաքցրել եք մի հեռավոր տեղում և ձեր մեկ հատիկ ձայնը միացրել եք հայհոյողների, դատապարտողների, մերժողների, հալածողների վտառին, որն այսօր, այս պահին ուժեղ է, թելադրող, հաղթող»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ