«Ժամանակ»-ը գրում է․ «Հայաստանի ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը, ինչպես միշտ, հիմնավորվում է «բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապահովել կայուն նախադրյալներ» բառակապակցություններով: Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ փոփոխություններով ավելի է բարձրանում շարքային քաղաքացիների հարկային բեռը և նվազում մարդկանց եկամուտները:
Միայն մեկ օրինակ՝ 2019թ. հուլիսի 1-ից նախատեսվում է սեղմված գազի ակցիզային հարկը գործող 25 հազարի փոխարեն դարձնել 34 հազար դրամ, ինչը նշանակում է, որ գազի գինը մեքենաների համար կավելանա խորանարդի համար ևս 10 դրամով: Թե ինչով սա պետք է նպաստի ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը կամ մյուս հռչակված նպատակների իրագործմանը՝ կիմանան միայն նոր Հայաստանի իշխանությունները: Ի դեպ, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը 2018թ. հունվարից բարձրացնում էր սեղմված գազի ակցիզային հարկը, հին Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը դրա կտրուկ հակառակորդներից էր և նույնիսկ այդ խնդրի վերաբերյալ հանրահավաքներ էր հրավիրում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը