25 01 2019

ՀՀ-Ադրբեջան փաստաթուղթը կստորագրվի մարտին․ Կոլերով․ «Ժողովուրդ»

ՀՀ-Ադրբեջան փաստաթուղթը կստորագրվի մարտին․ Կոլերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի՝ երեկ 168.am-ին տված հարցազրույցում արված պնդումները, թե հունիսին Փաշինյանն ու Ալիևը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ կստորագրեն համաձայնագիր, հայրենի քաղաքական դաշտում տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ կապվեց Ստանիսլավ Տարասովի հետ՝ պարզելու, թե ինչ տեղեկությունների հիման վրա է այդպիսի կարևոր հայտարարություն արել: Նա անկեղծացել է, որ այդ հայտարարությունները տպավորությունների ու վերլուծությունների հետևանք են: «Վերջին հանդիպման ընթացքում տպավորություն ստացանք, որ Ալիևը բավարարված էր, Փաշինյանը` փոքր-ինչ տխուր։ Այսպես դիտարկենք. մեկուկես ժամ զրուցել են Ալիևն ու Փաշինյանը, դրանից առաջ էլ չորս ժամ` Մամեդյարովն ու Մնացականյանը: Սա նշանակում է, որ նրանք ունեցել են քննարկման առարկա, բայց թե ինչ, ոչ ոք չգիտի»,- ասել է նա։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաև ռուս մեկ այլ քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ՝ պարզելու, թե Ռուսաստանում ինչ է հայտնի Արցախյան թեմայով: Մոդեստ Կոլերովը մեզ հետ զրույցում այլ ժամկետ մատնանշեց՝ հայտարարելով, թե կողմերը ԼՂ խնդրով կարող են համաձայնագիր ստորագրել մարտին՝ գագաթնաժողովի ժամանակ: Կոլերովն էլ ասել է, թե այդպիսի փաստաթուղթ առկա է վաղուց, պարզապես վերջնական ստորագրումն է ավարտվելու մարտին: Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, որը պետք է վերջնաստորագրվի:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Նա ընդգծեց, թե կոնֆլիկտի կարգավորման համար նախ պետք է վերականգնել  բանակցությունների ամբողջական ֆորմատը։ «Հայկական կողմն այդ մասին մի քանի անգամ ասել է։ Հարցը կապված է Արցախի ճակատագրի հետ և չի կարող լուծվել առանց նրա մասնակցության։ Մենք չենք հավատում այդպիսի համաձայնագրի։ Եվ երկրորդ` պետք է հասկանալ, թե ինչ է ընկած փոխզիջման հիմքում, և արդյոք միայն բավարարվելու ենք Ադրբեջանի բանավոր հայտարարություններով»,-հայտարարեց Բաբայանը։

Նա նաև հավելեց, որ այս փուլում գլխավոր հարցը խաղաղության պահպանումն ու տարածաշրջանում կայունության ապահովումն է, իսկ բանակցությունների սեղանին առանց Արցախի ոչ մի զարգացում լինել չի կարող»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ