19 01 2019

Մոտ 6 մլն դրամի պարգևատրում՝ պետության հաշվին․ «Հետք»

Մոտ 6 մլն դրամի պարգևատրում՝ պետության հաշվին․ «Հետք»

«Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգևատրումներ է տվել: Այս մասին «Հետք»-ը տեղեկացել է մարզպետի կարգադրություններից:

Ռոմանոս Պետրոսյանը 2018 թ-ի դեկտեմբերի 17-ին ստորագրել է «N 198 Ա» կարգադրությունը, որը վերնագրված է  «ՀՀ Կոտայքի մարզպետարանի մի խումբ աշխատողների պարգևատրելու մասին»: Մարզպետարանի աշխատակիցները որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվել են մարզպետարանի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից:

Այդ կարգադրությամբ պարգևավճարներ են ստացել հետևյալ անձինք.

Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյան- 460 հազար 334 դրամ

Մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյան- 460 հազար 334 դրամ

Մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյան- 460 հազար 334 դրամ

Մարզպետի օգնական Գևորգ Առուստամյան- 258 հազար 938 դրամ

Մարզպետի օգնական Անի Չիլինգարյան- 258 հազար 938 դրամ

Մարզպետի տեղակալի օգնական Մարիամ Հակոբյան- 172 հազար 625 դրամ

Մարզպետի տեղակալի օգնական Սաթենիկ Միքայելյան- 172 հազար 625 դրամ

Մարզպետի տեղակալի օգնական Պավել Ցուգունյան- 172 հազար 625 դրամ

Մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյան- 426 հազար 384 դրամ

Պարգևատրվել են նաև վարչությունների պետեր Գրիգոր Գուլյանը, Տարոն Գևորգյանը, Լիլիթ Ստեփանյանը, Վահագն Ոսկանյանը, Հարություն Ալեքսանյանը և Մհեր Եղիազարյանը, քարտուղարության պետը և ներքին աուդիտի բաժնի պետը գլխավոր երեք մասնագետը: Պարգեւատրումների ընդհանուր չափը կազում է 5 միլիոն 792 հազար 728 դրամ:

Կոտայքի մարզպետի տեղակալներ Առնակ Ավետիսյանը, Վասակ Վարդանյանը և Լարիսա Մադոյանընշանակվել են 2018թ. հունիս ամսին և մինչև պարգևատրվելը աշխատել են ընդամենը 6 ամիս: Մարզպետի օգնական Անի Չիլինգարյանն աշխատել է ընդամենը երեքուկես ամիս: Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գրիգոր Գուլյանը աշխատել է չորսուկես ամիս: Պարգևատրվածների ցանկում է նաև ԱԺ գործող պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Նա Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր մինչև 2018թ. հոկտեմբերի 30-ը: Դրանից հետո անցել է աշխատանքի մարզպետարանում, իսկ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր: Մարզպետարանում փաստացի աշխատել է մոտ մեկուկես ամիս:

Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Լուսինե Մանուկյանից «Հետք»-ը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է ստացվել, որ մարզպետը պարգևատրել է ընդամենը մի քանի ամիս աշխատած պաշտոնյաներին: Լուսինե Մանուկյանն ի պատասխան գրավոր պատասխան է ուղարկել, որում ասված է, որ մարզպետարանի մյուս աշխատակիցները ևս պարգևատրվել են, ուղղակի մյուսները պարգևատրվել են մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով:

«Ցանկանում ենք փաստել, որ այս երկու իրավական ակտերով դեկտեմբերի 17-ին պարգևատրման է արժանացել մարզպետարանի ամբողջ աշխատակազմը, ըստ որում՝ 1-ին կարգի, առաջատար և գլխավոր մասնագետները պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով, իսկ ղեկավար անձնակազմը՝ 87%-ի չափով: Այս կոնտեքստում հաշվի չի առնվել աշխատակիցների պաշտոնավարման տևողությունը, քանի որ այս ցանկում բացառություններ լինել չէին կարող, իսկ որակյալ աշխատանք կարելի է իրականացնել նաև պաշտոնավարման ամենակարճ ընթացքում»,- ասված է Լուսինե Մանուկյանի պատասխանում:

Ծանոթանալով գլխավոր քարտուղարի հրամանին՝ պարզվել է, որ այն Կոտայքի մարզպետարանի կայք է բեռնվել 2019 թվականի հունվարի 18-ին` ժամը 12:09-ին: Այսինքն` «Հետք»-ի մարզպետարան դիմելուց մոտ 30 րոպե հետո: Մարզպետարանի գլխավոր քարտուղարի կարգադրությունը կասկած է հարուցել, քանի որ պարգևատրման որոշումը թվագրված է 2018թ. դեկտեմբերի 17-ով, բայց այն ստեղծվել է այսօր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ