«168 Ժամ»-ը գրում է․ «Վերջին շրջանում շատ քաղաքացիներ բողոքում են, որ բանկերը հրաժարվում են իրենց տրամադրել վարկ, քանի որ «Կարմիր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ են տվել խախտումներ և դրանց համար ծանուցված տուգանքները չեն վճարել։ Նրանց վարկ չեն տրամադրում նույնիսկ այն դեպքում, եթե ունեն վարկային մաքուր պատմություն։
Հարցի հետ կապված 168.am-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ Կենտրոնական բանկ, ճշտելու համար՝ ունե՞ն այս մասին որևէ տեղեկատվություն և ինչպե՞ս են բացատրում մարդկանց վարկ չտրամադրելը։
Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից գրավոր պատասխանել են, որ Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ բանկերը հիմնականում հաշվի չեն առնում «Կարմիր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ տված խախտումների հետ կապված տուգանքների չվճարելու հանգամանքը, իսկ հաշվի առնելու դեպքում բանկերի կողմից կարևորվում է տուգանքի էական լինելը՝ գումարի մեծությունը։
«Հնարավոր է՝ լինեն դեպքեր, երբ վարկի համար բանկին դիմած հաճախորդը, եթե ունի չվճարված տուգանք, բանկի կողմից կարող է դիտարկվել՝ որպես ժամկետանց պարտավորություն ունեցող քաղաքացի, ինչի դեպքում մերժում է վերջիններիս տրամադրել վարկ։
Այդուհանդերձ նշենք, որ նման դեպքերը հազվադեպ են»,- նշված էր պատասխանի մեջ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը