19 01 2019

Գազը կարող է կրկին թանկանալ․ «Հրապարակ»

Գազը կարող է կրկին թանկանալ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Գազի սակագինը գոնե մեկ տարվա կտրվածքով չի փոփոխվելու։ Այս պահին «Գազպրոմ Արմենիայի» հետ ընթացող բանակցությունները հնարավոր է երկար տեւեն, բայց գնի սուբսիդավորումը տեղի է ունենալու գազի կորուստների, նրանց շահույթների հաշվին, ինչը, եթե անկեղծ` փոքր չէ»,- ասաց կառավարության մեր աղբյուրը:

Առ այս պահը հայտնի չէ` իրականում գազը թանկացել է 15, թե՞ 30 դոլարով։ Նկատի ունենք այն, որ մինչ այս, սահմանին  գազը 135 դոլար էր՝ 15 դոլարը սուբսիդավորում էր «Գազպրոմը»` Հայաստանի 20 տոկոս մասնաբաժինը գնելու դիմաց։ Պայմանագիրը դեկտեմբերին ավարտվել է, հիմա, փաստորեն, գազը սահմանին արժե 165 դոլար՝ այդ 15 դոլարի ճակատագիրն ինչպե՞ս է «տնօրինվելու»։ «Բոլոր ծախսերը` թե՛ սուբսիդավորման, թե՛ մնացած, հոգալու է «Գազպրոմ Արմենիան»»:

Ի դեպ, պնդում կա, որ «Գազպրոմն» իրականում 50 դոլարի թանկացման հայտ է ներկայացրել, եւ դա քայլ առ քայլ են կյանքի կոչելու, ռուսական աղբյուրները չեն բացառում, որ տարվա կեսին կրկին գազը թանկանա, նաեւ մատակարարման ծավալները կրճատվեն, ինչպես եղավ Ուկրաինայում։ «Առաջիկայում «Գազպրոմի» եւ Հայաստանի միջեւ կնքվելիք համաձայնագիրը պատասխան կտա այդ բոլոր հարցերին. սպասենք»:

Իսկ «Գազպրոմ Արմենիային» մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ սուբսիդավորման հարցը միանշանակ չէ․ «Բանակցությունների ընթացքում, իհարկե, շատ բան պարզ կդառնա, բայց ես իրենց փոխարեն այդքան միանշանակ չէի պնդի»: Ի դեպ, անցած ուրբաթ ԱԺ-ում «Իմ քայլը» ֆրակցիայի փակ նիստի ժամանակ Փաշինյանը խոսել է նաեւ գազի մասին՝ հորդորել հարցերի դեպքում ասել հետեւյալը. «Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, անհանգստանալու որեւէ հարց չկա։ Այնպես չէ, թե հնարավոր է, գնով պայմանավորված, Հայաստանը, ինչպես նախկինում, ինչ-որ բան զիջի Ռուսաստանին։ Վստահեցնում եմ՝ նման բան չի լինելու»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ