19 01 2019

Ընտանի կենդանիներ ունեցողները պատրաստվում են բողոքի ակցիայի. 168.am

Ընտանի կենդանիներ ունեցողները պատրաստվում են բողոքի ակցիայի. 168.am

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ունեն ընտանի կենդանիներ, ծանուցումներ են ստացել, որպեսզի վճարեն օրենքով սահմանված 5000-ական դրամները: Այս մասին գրում է 168.am-ը: Սակայն, պարզվում է՝ ընտանի կենդանի ունեցող ոչ բոլոր քաղաքացիներն են ստացել այն ու երբեք էլ նախկինում չեն ստացել:

Հարց է առաջանում, թե ինչ սկզբունքով են ընտրում մարդկանց և ուղարկում ծանուցումները։ Սրան զուգահեռ, ընտանի կենդանիներ ունեցողներին զայրացրել է այն հանգամանքը, որ պետք է կենդանու համար վճարեն տուգանքներ, և հունվարի 21-ին պատրաստվում են իրականացնել բողոքի ակցիա՝ «Դեմ ենք ընտանի կենդանիներ պահելու համար պետական տուրք վճարելուն»։

«Դինգո թիմ» հ/կ համակարգող Գոհար Մանուշակյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ չնայած օրենքը միշտ գործել է, սակայն մինչև օրս որևէ ադեկվատ մարդ այդ տուրքերը չի վճարել և չի էլ պատրաստվում վճարել։

«Եղել են մարդիկ, որ վճարել են, չգիտեմ՝ ինչից դրդված, գուցե վախեցել են կամ ոչնչից տեղյակ չեն եղել, բայց ընտանի կենդանիներ ունեցողների մեծ մասը չի վճարել։ Մենք այդ տուրքերը չենք վճարելու, քանի որ այստեղ ապօրինություն կա, այդ գումարներն ո՞ւր է գնում, ինչի՞ վրա են ծախսելու, այսինքն՝ պետությունը կենդանիների համար ի՞նչ է արել, որ պետք է տուրքեր վճարենք։ Ցավոք, մեր պետությունն այն պետությունն է, որը մինչև օրս չունի «Կենդանիների պաշտպանության մասին» օրենք»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կենդանիների խնամքը, պաշտպանությունը մնացել է միայն անհատների հույսին, նրանք փողոցից վերցնելով կենդանիներին՝ սկսում են նրանց խնամել, պետությունն այդ մարդկանց աջակցելու փոխարեն՝ պահանջում է, որպեսզի տուրք վճարեն։

«Տանը պահում եմ մի քանի շուն և կատու, միայն մեկ շանն եմ փողոց դուրս բերում, քանի որ մյուսները հաշմանդամ են։ Մինչև իմ կենդանուն դուրս հանելը, նախապես մաքրում եմ տարածքի խոտերը, հավաքում եմ թափած շշերը, այս ամենի համար ո՞վ պետք է տուրքեր վճարի»,- ասաց Գոհար Մանուշակյանը։

Ըստ նրա, այն մարդիկ, որոնք փողոցից կենդանի են վերցրել և տանը խնամում են, չպետք է տուրքեր վճարեն, տուրքեր չպետք է վճարեն նաև նրանք, որոնք ունեն ցեղական շուն կամ կատու, բայց դրանց ստերջացրել են։

«Տուրքեր պետք է վճարեն բացառապես կենդանի բուծողները, որոնք նաև պետք է հաշվառվեն, որպեսզի հետագայում ամեն ինչ լինի լիցենզավորված, քանի որ նրանց համար այդ ամենը կարող է բիզնես նպատակ ունենալ»,- շեշտեց Գ. Մանուշակյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ