16 01 2019

«Հինգերորդը» «դուխով» խախտում է լուրերի կառուցվածքը. «Հրապարակ»

«Հինգերորդը» «դուխով» խախտում է լուրերի կառուցվածքը. «Հրապարակ»

Հրապարակ թերթը գրում է.

Հինգերորդ ալիքն արդեն մի քանի օր է՝ նորությունների նոր ձևաչափ է փորձարկում՝  ասիմետրիկ կառուցվածք, որի առաջին հատվածը (մոտ 15-20 րոպե) օրվա գլխավոր թեման է՝ «հյուրով», և անոնսը, ապա նոր սկսվում է բուն լրահոսը։ Նախկինում էլ նման փորձեր արվել են «Շանթում», «Ա1+»-ում, բայց օրվա գլխավոր ռեպորտաժը լրահոսում լուծվել է, իսկ հյուրի հետ զրույցի և լրահոսի կապը եղել է մեխանիկական, դրանք ընկալվել են միմյանցից անջատ։

Առավել դինամիկ դա արել է Արամ Աբրահամյանը՝ հեղինակային դեմք տալով լուրերին։  «Հինգերորդի» «Հայլուրը» նոր փորձ է՝ «վազող» մեկնաբաններով, որոնք, կարծես, շտապում են լուրերը հայտնել ու վախենում են չտեղավորվել ժամանակի մեջ։ Այս իմիջը հատկապես հաջողվում է Լիլիթ Մուրադյանին։ Հունվարի 12-ին գլխավոր թեման արմավիրցիների ցույցերն էին, իսկ հյուրն առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն էր, որը գլխավոր հարցադրումն արեց՝ ինչո՞ւ Էջմիածնի քաղաքապետն ու ավագանու անդամներն այլևս ժողովրդի կողքին չեն։ Երեկվա թեման, իհարկե, ԱԺ յոթերորդ գումարման առաջին նիստն էր։

Երկար ռեպորտաժում ներկայացվեցին ամենատպավորիչ պահերը՝ Ծառուկյանի խոսք, Միրզոյանին տրված «վստահության» կրեդիտ և Սասուն-Էդմոն «փոխհրաձգություն»։ Ապա սկսեց խոսել հյուրը՝ ՀՀԿ փոխնախագահ Շարմազանովը, որի ելույթը լիուլի լրացրեց խորհրդարանական ընդդիմության պակասը։ Նրան ուղղվեց առաջին ու ամենաթեթև հարցը՝ արդյոք իր աշխատասենյակի վերանորոգման կարիքն իրո՞ք կար։ «Միգուցե, նոր տերերը տեսնում են, ես չէի տեսնում, ես 5 տարի այդ աշխատասենյակում աշխատել եմ՝ ինչպես ստացել եմ Ֆարմանյանից, ու ձևին տուրք չեմ տվել»։ Ի՞նչ տպավորություն եք ստացել նոր Ազգային ժողովի առաջին նիստից։

Այս հարցին պատասխանելով՝ Շարմազանովը մի հիշվող ֆրազ ասաց․ «Խորհրդարանը բանակ չի, որ 18 տարեկանից բոլորին զորակոչեն»։ Ձևաչափը դեռ նոր է, գուցե Շարմազանովի խոսքը երկար էր՝ մանավանդ, որ նրա տեսակետները հայտնի են։ Իրեն ուղղված երեք հարցերին նա պատասխանեց 12 րոպե և քննադատեց այնքան, կարծես իր վերջին խոսքն էր ասում Նիկոլի կառավարության մասին։ Նիստի գնահատականից՝ «Արարատ Միրզոյանն ի՞նչ է արել, որ միանգամից ԲՀԿ-ն ու «Լուսավորը» կողմ են քննարկում», նա անցավ բոլոր մյուս խնդիրներին, ներառյալ Արցախի հիմնահարցը։ Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ն, որին տարիներ շարունակ Կոմկուսի հետ էին համեմատում, այսօր ինքն է «կոմկուս» անվանում նորերին։ Խեղճ Կոմկուս։

Նոր ֆորմատը դեռ կայանալու տեղ ունի, բայց հետաքրքիր է ու դինամիկ գոնե այն պատճառով, որ հեռուստադիտողը հոգնել է լուրերի ավանդական կառուցվածքից և հերթականությունից՝  քաղաքական, տնտեսական, մշակութային լուրեր, որոնք պարտադիր առաջնորդում էին կառավարության ու նախագահի պաշտոնական ռելիզներն ու «լիչնիկների» նկարած անդեմ տեսաշարերերը, արանքներում էլ՝ որպես «միջադիր», օգտագործվում էին այլ երկրների լուրերը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ