09 01 2019

Թափուր պաշտոնի համար մրցույթը բաց չէ․ ՄՀՀ նախկին տնօրեն․ «168 Ժամ»

Թափուր պաշտոնի համար մրցույթը բաց չէ․ ՄՀՀ նախկին տնօրեն․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Մեզ հետ զրույցում Մարզահամերգային համալիրի նախկին տնօրեն Վազգեն Ասատրյանը նշեց, որ համալիրի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին չի մասնակցելու, քանի որ այն չի լինելու բաց մրցույթ։

«Ասե՞լ են, որ բաց մրցույթ են անելու՝ ոչ, հանձնաժողովի անդամների անունները հայտնե՞լ են՝ ոչ, ո՞վ է որոշում, թե հանձնաժողովում ով պետք է լինի, ի՞նչ չափորոշիչներով են այդ մարդիկ դառնում հանձնաժողովի անդամ, նրանց մեջ երաժիշտներ, ճարտարապետներ, սպորսմեններ կա՞ն,  որևէ մեկը չգիտի։ Համալիրը շատ բարդ կառույց է, որի տնօրենն այն լավ պետք է ճանաչի, ամեն մեկը չի կարող  ղեկավարել։ Երեք տարիների ընթացքում ես կարողացել եմ շենքը ոտքի կանգնեցնել։ Ով էլ որ ղեկավարի համալիրը, պետք է այն սիրի իր տան նման ու չունենա շաբաթ-կիրակի՝ աշխատի ու միայն աշխատի»,- ասաց Վազգեն Ասատրյանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ պաշտոնը թողնելուց հետո պատրաստվում է արտագաղթել և հաստավել ԱՄՆ-ում, Վազգեն Ասատրյանը տեղեկացրեց, որ այդ խոսակցությունները որևէ առնչություն չունեն իրականության հետ։

«Ես հիվանդ մայր ունեմ, այս պահին նրան եմ խնամում և չեմ պատրաստվում թողնել Հայաստանը։ Երբ ամեն ինչ լավ լինի ես կշարունակեմ զբաղվել երաժշտական գործունեությամբ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Սամվել Մելիքսեթյանի թեկնածությանը, ապա Վազեն Ասատրյանը նշեց, որ նրան չի ճանաչում և չգիտի, թե նրան ով է հովանավորում՝ Արարատ Միրզոյա՞նը, թե՞ մեկ այլ անձ։

Հարցին, եթե իշխանությունների կողմից առաջարկ լինի կրկին վերադառնալ պաշտոնին, ինչպե՞ս կվարկվի, Վազգեն Ասատրյանը պատասխանեց, որ եթե իշխանությունները նման մտադրություն ունենային, ապա չէին անի այն քայլերը, որոնք արեցին։

«Դժվար թե իշխանությունները նման առաջարկ անեն։ Նախորդ տարի իմ պաշտոնավարման պայմանագրի ժամկետը լրացել էր, ասացին, որ պետք է դուրս գամ, բայց քանի որ առջևում Ֆրանկոֆոնիայի օրերն էին՝ հետ կանչեցին, պահեցին, օգտագործեցին։ Ֆրանկոֆոնիայի օրերն ավարտվեցին դեկտեմբերի 1-ին հանեցին ու պայմանագիրը չերկարացրեցին»,- եզրափակեց Վազգեն Ասատրյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ