«168 Ժամ»-ը գրում է․ «Ղարաբաղյան հակամարտության գոտում վտանգը չեզոքացած չէ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության ուղղությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քայլերին:
Վլադիմիր Եվսեևն ասաց, որ, բնականաբար, ցանկացած երկրի ղեկավար ինքն է որոշում՝ ինչպիսի որոշումներ ընդունել: Կարևորը, ըստ նրա՝ այն է, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են անդամ բոլոր երկրների համաձայնության պայմաններում, թեև Բելառուսի նախագահն առաջնորդվում է այլ սկզբունքներով:
«Այս ողջ ընթացքում, երբ Հայաստանը ետ է կանչել իր ներկայացուցչին, քարտուղար չի նշանակվում, քանի որ չկա կոնսենսուս և չի նշանակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի այս հարցում բոլոր երկրների համաձայնությունը:
Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ-ում, բավականին բարդ հարաբերություններ՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ, որոնց մեկնարկը տրվեց Յուրի Խաչատուրովի ետկանչով:
Չեմ կարծում, որ առաջիկայում հնարավոր կլինի որևէ թեկնածուի շուրջ համաձայնության գալ: Այդ հարցն առաջիկայում կքննարկվի Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում՝ հաշվի առնելով Բելառուսի նախագահի քայլը այս հարցի հրատապությունն էապես բարձրանում է: Վերջին բոլոր մեկնաբանություններից երևում է, որ կողմերից որևէ մեկը չի նախատեսում փոխել իր դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ-ում իրերի դրությունը չի կարող փոխվել: Թեև նկատի ունենալով գործընկերային հարաբերությունները և հետագայում ևս միասին աշխատելու հեռանկարը՝ պետք է զիջումներ անել»,- նկատեց Վլադիմիր Եվսեևը:
Ըստ նրա` զիջումներ անելու դրդապատճառներ ունեն՝ ինչպես Բելառուսը, այնպես էլ՝ Հայաստանը:
«Հայաստանի դեպքում անվտանգության երաշխավորությունն է Ռուսաստանի կողմից, սպառազինությունը ներքին գներով, խորը ռազմատեխնիկական համագործակցությունը: Հայաստանը պետք է հաշվի առնի այս ոլորտում Ռուսաստանի հետ լուրջ բազան՝ հասկանալով, որ կա չկարգավորված ԼՂ հակամարտություն, որի գոտում սպառնալիքը վերացած չէ, և կան բազում մարտահրավերներ:
Ցանկացած պահի այս գոտում կարող է անկայունություն բռնկվել: Պետք է հաշվի առնել այս իրողությունները, որ նման իրավիճակում Հայաստանի անվտանգության երաշխավորը ՀԱՊԿ-ը չէ, այլ Ռուսաստանը»,- ասաց Եվսեևը` շեշտելով, որ հարցի շուրջ որոշման կայացումը կհետաձգվի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը