«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ստորագրել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին։ Վերջինս արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան, Ռուսաստան, եւ այդ երկրների ղեկավարները հաստատել են նրա թեկնածությունը:
Մնում է Հայաստանը, որը, ինչպես գիտենք, Խաչատուրովին հետ կանչելու պատճառով զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պոստից եւ որքան էլ խոստացավ, որ նոր թեկնածու է ներկայացնելու, դա չհաջողեց։ Սրան զուգահեռ լարվեցին մեր հարաբերությունները ՀԱՊԿ անդամ երկրների, մասնավորապես՝ Բելառուսի հետ։ ՀԱՊԿ-ում թեեւ մեր ընտրությունների նախօրեին ձեռնպահ մնացին այդ հարցին վերջնական լուծում տալուց՝ ակնհայտորեն բարիդրացիական ժեստ անելով ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, սակայն կարծես թե վերջնականապես որոշել են, որ Հայաստանին չեն զիջելու այդ պաշտոնը, ավելին՝ որոշել են պատժել ցուցաբերած ամբիցիաների ու իրենց հետ չհամաձայնեցրած, շտապողական քայլերի համար։
Թեպետ Բելառուսի թեկնածուի հաստատումը վերոնշյալ երկրների կողմից դեռ Բելառուսի վերջնական հաղթանակը չէ։ Այն պետք է հաստատի նաեւ Հայաստանը, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, եւ Հայաստանն իրավունք ունի վետո կիրառել՝ խափանելով նոր թեկնածուի ընտրությունը։ Իսկ կկիրառի՞ արդյոք վետո հայկական կողմը։ Երեկ մեր լրագրողն այդ հարցն է տվել վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանին, սակայն նա որեւէ հստակ բան չի ասել․ «Թե ինչպիսին կլինի Հայաստանի դիրքորոշումը, կերեւա ՀԱՊԿ նիստի ժամանակ»։ Թեեւ շեշտել է, որ վարչապետն ունի որոշում, բայց ինքն այս պահին չի ցանկանում դա հրապարակել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը