21 12 2018

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կրկին նահանջեց․ «Հայոց աշխարհ»

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կրկին նահանջեց․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Տարին մոտենում է ավարտին, իսկ կառավարության խոստացած տնտեսական թռիչքը այդպես էլ չի նշմարվում։   

Անիմաստ է նույնիսկ խոսել հասարակության սոցիալական վիճակի բարելավման մասին։ Ընդհակառակը, տարեվերջին ընդառաջ տնտեսության աճը էլ ավելի է նահանջում, մարդկանց եկամուտները կրճատվում։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, թե ինչ վիճակ է տիրում երկրում։   

Մինչ կառավարությունը բան ու գործ թողած զբաղված էր խորհրդարանական ընտրություններում իշխող քաղաքական ուժի համար ձայներ ապահովելու գործով, նոյեմբերին Հայաստանի տնտեսության վիճակը շարունակել է վատանալ։ Վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ տվյալները վկայում են, որ գրեթե բոլոր ոլորտներում ցուցանիշները գահավիժել են։ Նախորդ ամսվա համեմատ նոյեմբերին տնտեսական ակտիվությունը նվազել է 10,3 տոկոսով։   

Անկում է գրանցվել արդյունաբերության, գյուղատնտեսության, առեւտրի, ծառայությունների եւ մի շարք այլ ոլորտներում։ Արդյունաբերության արտադրանքի ծավալը հոկտեմբերի համեմատ կրճատվել է 6,8 տոկոսով։ Գյուղատնտեսությունն ուղղակի կաթվածահար վիճակում է եղել։ Հոկտեմբերի համեմատ արտադրանքի ծավալները ռեկորդային՝ 39 տոկոսանոց անկում են ապրել։   

Թե ինչո՞վ է պայմանավորված նման կտրուկ տեղաշարժը, հայտնի չէ։ Այդուհանդերձ այդ ամսին գյուղատնտեսության համար արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, որը կարող էր նման լուրջ ազդեցություն թողնել ոլորտի արտադրական ցուցանիշների վրա։ Այնպիսի տպավորություն է, որ նոյեմբերին կարկուտը ամեն ինչ սրբել, տարել է։   

Գյուղատնտեսության նման կտրուկ անկումը հազիվ թե կարելի է պայմանավորել նաեւ սեզոնային փոփոխություններով։ Ասենք, որ անցած տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ տնտեսության այս ճյուղում արտադրության ծավալները ոչ միայն չէին նվազել, այլեւ նույնիսկ զգալիորեն՝ 4,5 տոկոսով, աճել էին։   

Նոյեմբերը բարեհաջող չի եղել նաեւ ներքին առեւտրի եւ ծառայությունների համար։   

Նվազել են նաեւ աշխատավարձերը։ Պաշտոնական տվյալներով, միջին աշխատավարձը նոյեմբերին 0,2 տոկոսով պակաս է եղել հոկտեմբերից։   

Նման դրսեւորումների հետեւանքով, տնտեսական զարգացումները շարունակել են դանդաղել։ Վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով, տարեվերջից մեկ ամիս առաջ տնտեսական ակտիվության աճը նահանջել է եւս 0,3 տոկոսով (այն 5,7 տոկոս է)։   

Սա զգալիորեն ցածր է ինչպես առաջին եռամսյակի, այնպես էլ առաջին կիսամյակի ցուցանիշներից։ Հիշեցնենք, որ մինչեւ իշխանափոխություն տնտեսական ակտիվությունը Հայաստանում հասել էր 10,6 տոկոսի։ Իշխանափոխությունից հետո վիճակը գնալով վատացավ։ Չի եղել որեւէ ամիս, որ ակտիվության ցուցանիշները չնահանջեն։  

Այդպես էլ յոթ-ութ ամսվա ընթացքում կառավարությանը չհաջողվեց կայունություն մտցնել տնտեսության մեջ։   

Տարեվերջին ընդառաջ դեռեւս պահպանվող աճի միտումները հիմնականում թելադրված են տարեսկզբի ակտիվ զարգացումներով։ Դրա վկայություններից մեկն էլ շինարարության ոլորտում տեղի ունեցող զարգացումներն են։ Վերջին մի քանի ամիսներին տնտեսության այս ճյուղը գրեթե դադարել է ակտիվություն դրսեւորել։ Չնայած դրան, տասնմեկ ամիսների ընթացքում գրանցվել է 5,5 տոկոս աճ, որը պայմանավորված է գերազանցապես տարեսկզբի բարձր ակտիվությամբ։   

Համեմատության համար ասենք, որ մի պահ շինարարության աճը հասավ 23 տոկոսի։ Այսինքն՝ աճի տեմպը կրճատվել է ավելի քան 4 անգամ։  

Նոյեմբերին շինարարության ոլորտում գրանցվել է ընդամենը 0,2 տոկոս ակտիվություն։ Ըստ այդմ, տարեվերջից մեկ ամիս առաջ տնտեսության այս ճյուղում աճի տեմպը նահանջել է եւս 1 տոկոսով։ Նույնպիսի պատկեր է նաեւ արդյունաբերության մեջ։ Ակտիվությունը 4,5-ից դարձել է 4,1 տոկոս։ Գյուղատնտեսության ոլորտում ոչինչ չի փոխվել. տարեկան անկումը հասնում է 8,1 տոկոսի։   

Տխուր է վիճակը արտաքին ապրանքաշրջանառության առումով։ Նոյեմբերին թեեւ արտաքին առեւտուրը ավելացել է, այնուհանդերձ դա տեղի է ունեցել բացառապես ի հաշիվ ներմուծման ակտիվացման։ Փոխարենը՝ արտաքին շուկաների մատակարարումները Հայաստանից նվազել են 5 տոկոսով։ Բացասական տարբերությունն ավելի մեծ է նախորդ ամսվա համեմատ՝ 12,4 տոկոս։  

Վիճակագրական ծառայության տվյալներով, անցած ամիս Հայաստանից արտահանվել է 200 մլն դոլարի ապրանք՝ հոկտեմբերի շուրջ 230 միլիոնի դիմաց։ Արտահանման ցուցանիշների վատացումը պատահական չէ տնտեսական ակտիվության այն ֆոնին, որն արձանագրվում է վերջին ամիսներին։   

Թե ո՞ւր մնաց կառավարության հայտարարած արտահանման խթանման քաղաքականությունը, պարզ չէ։ Եթե այսպես պիտի իրականացվի այդ քաղաքականությունը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ապագայում ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել երկրի տնտեսությունը։ Առավել եւս, որ Հայաստանի տնտեսության զարգացումն անհնարին է պատկերացնել առանց արտաքին շուկաներում հայկական ապրանքների իրացման ծավալների ավելացման։   

Վերջին զարգացումներից հետո արտաքին շուկաներում հայկական ապրանքների մատակարարումների աճի տեմպը զգալիորեն նվազել է։ Տարեվերջից մեկ ամիս առաջ արտահանման ավելացումն այլեւս 9,8 տոկոս է։ Աճի տեմպը 7-8 ամսում կրճատվել է ավելի քան 3-3,5 անգամ։   Արտահանման հաշվին ներմուծման առաջանցիկ աճի հետեւանքով գնալով խորանում է արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը։ Նոյեմբերին ներմուծումը 2,5 անգամ գերազանցել է արտահանմանը։  

Դեռ լավ է, որ տարեսկզբի ակտիվ արտահանումից հետո տարեկան ցուցանիշը համեմատաբար ավելի բարվոք է. տասնմեկ ամսվա տվյալներով, ներմուծումը կրկնակի գերազանցել է արտահանմանը։ Տարեսկզբին տարբերությունը 1,8 անգամ էր։   

Թե այս տեմպով ո՞ւր է գնում Հայաստանի տնտեսությունը, հայտնի չէ։ Ամեն դեպքում այն, ինչ անում է կառավարությունը, լավատեսության որեւէ հիմք չի տալիս»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ