20 12 2018

Այսօր մենք գործ ունենք մակաբույծների հետ․ «Հայոց աշխարհ»

Այսօր մենք գործ ունենք մակաբույծների հետ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Տոհոկուի տեխնոլոգիաների ինստիտուտի եւ Կիոտոյի համալսարանի ճապոնացի հետազոտողները վերջերս հայտնաբերել եւ փորձարարության միջոցով ապացուցել են մարդկային լուսարձակման հատկությունը։  

Մինչ օրս գիտությանը հայտնի էր բիոլյումինեսցենտային էֆեկտը. թույլ, բայց տեսանելի լուսարձակման, որ գոյություն ունի որոշ կենդանի օրգանիզմների, օրինակ, լուսատտիկների եւ մեդուզաների շրջանում։ Դրանց պարագայում լուսարձակումը ֆերմենտային ռեակցիայի հետեւանք է։  

Ավելին՝ գիտնականները ենթադրում էին, որ իրականում բոլոր կենդանի օրգանիզմները կարող են չափազանց թույլ լուսարձակել։ Դա տեղի է ունենում կենսաքիմիական ռեակցիաների հետեւանքով, իսկ բուն երեւույթը կոչվում է բիոֆոտոնային արտաճառագայթում։  

Եվ ահա ճապոնացիներին հաջողվեց ստեղծել գերզգայուն տեսախցիկ, որը կարող է որսալ լույսը առանձին ֆոտոնների մակարդակով։ Բացի դրանից, տեսախցիկի համար մշակվեց բարձր անցողունակությամբ հատուկ օպտիկական համակարգ։  

Հարկադրված ենք մատնանշել, որ ճապոնացիներն իրենց հրաշք տեխնիկայով հայտնվեցին հիմար դրության մեջ։ Ճիշտ է, մարդու մարմնի արձակած լույսը չափազանց թույլ է. այն տեսնելու համար աչքը պիտի հազար անգամ ավելի զգայուն լինի, քան կա։ Բայց դա՝ սովորական մարդկանց պարագայում։  

Թուլամիտ ճապոնացիները հաշվի չեն առել մի հանգամանք. հեռավոր Նոր Հայաստանում ապրում են իշխանավոր դարձած նախկին փողոցային ակտիվիստներ, որոնցից ճառագող լույսը երեւում է անզեն աչքով։ Իսկ այս օրերին, երբ նրանք բաժանում են պաշտոնները գործադիրում եւ աշխատասենյակները Ազգային ժողովում, նրանց ճառագած պայծառ լույսը բառացիորեն կուրացնում է նույնիսկ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվողներին։  

Լրատվամիջոցները, շնչահեղձ լինելով հուզմունքից, հաղորդում են «գերկարեւոր» լուրեր. Ալեն Սիմոնյանը, որը զբաղեցնելու է ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, կամենում է բնակություն հաստատել Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում, «Իմ քայլը» խմբակցությունը ղեկավարելու է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Հակոբ Սիմիդյանը կդառնա խմբակցության քարտուղար, Սուրեն Պապիկյանը եւ Արսեն Թորոսյանը կպահպանեն նախարարական պաշտոնները...  

Հավանաբար այն պատճառով, որ այս ութ ամիսների ընթացքում աշխատանքային արիության հրաշքներ են գործել։ Լսեք, իսկ ինչո՞ւ չվերցնենք ու վերականգնենք Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը։ Հիշեցնենք, որ Խորհրդային Միությունում Աշխատանքի առաջին հերոսը դարձավ համայն ժողովուրդների առաջնորդ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը՝ 1939 թվականի դեկտեմբերի 20-ին։  

Մինչեւ 1991 թվականը բարձր կոչմանն ընդհանուր առմամբ արժանացել է, ըստ որոշ տվյալների, 20605 մարդ, այլ տվյալներով՝ 21560, նրանցից 205-ը դարձել է կրկնակի հերոս, իսկ 16-ը՝ եռակի։ ԽՍՀՄ պատմության մեջ Սոցիալիստական աշխատանքի վերջին Հերոս է դարձել Բիբիգուլ Տուլեգենովան՝ Ղազախստանից։   

Կարծում ենք, կարելի էր նախապես շնորհել Փաշինյանին Հերոսի միանգամից երեք աստղ, իսկ այնուհետ անցնել մնացածների պարգեւատրմանը։  

Մեր որոշ միամիտ համաքաղաքացիներ կարող են վրդովվել, թե իբր ի՛նչ նոր պաշտոններ, աշխատասենյակներ ու աստղեր, եթե սրանք ութ ամիսների ընթացքում փլուզեցին հնարավորինս ամեն ինչ։ Չենք առարկում, իսկապես փլուզեցին, բայց գուցե դա բիզնեսի այդօրինակ տեսա՞կ է, որը հետագայում ահռելի օգուտ կբերի Նոր Հայաստանին։  

Այն բանից հետո, երբ Ամստերդամի The Hans Brinker Budget Hotel-ին պաշտոնապես տրվեց աշխարհի ամենավատ հյուրանոցի կարգավիճակը, դրա տարաբախտ տերը, մի քիչ տառապելուց հետո, հանկարծ վերածվեց գերհաջողակ գործարարի։ Նրա հաստատության ստացած սեւ պիտակը, որքան էլ տարօրինակ է, գերազանց խայծ դարձավ, որի շնորհիվ ապահովվեց այցելուների ահռելի հոսք։  

Նոր գովազդային արշավը հյուրանոցատերը կառուցեց առաջարկվող սպասարկման ամեն տեսակի բացասական բնորոշումների ագրեսիվ շեշտման վրա. հակասանիտարական ահավոր վիճակի, համարներում նույնիսկ տարրական հարմարությունների բացակայության, խարխուլ կահույքի, սպասարկող անձնակազմի բռիության եւ այլն։   

Իսկ որպես գովազդ թողարկվեցին հատուկ պոստերներ՝ կոտրած մահճակալների ու աթոռների, քնթուկներով ծակած գորգերի, ամենուր թափթփված աղբի եւ կոտրած ապակիներով պատուհանների գունեղ լուսանկարներով։  

«Աշխարհի ամենավատ հյուրանոցի» գովազդն աշխատեց. այժմ այդ հյուրանոց ընկնելու համար անհրաժեշտ է նախապես պատվիրել համարը մի քանի ամիս առաջ։  

Տեսնո՞ւմ եք, թե ինչպես կարելի է 90 աստիճանով շրջել կացությունը եւ առավելագույն օգուտ ստանալ սեփական թերություններից։ Այնպես որ, չի կարելի բացառել տարբերակը, որ Նոր Հայաստանի իշխանություններն ընտրել են հենց տվյալ ուղին։  

Իսկ պաշտոններ չստացած ակտիվիստները իշխանավորների համար սոսկ պահուստային ուժ են, որն անհրաժեշտության դեպքում կարելի կլինի շտապ համախմբել ու կրկին դուրս բերել փողոցներ՝ սեփական նպատակներին հասնելու համար։    

Մի խոսքով՝ կրիաներ, որոնց ժամանակին հազարներով տանում էին իրենց հետ կետորսները Գալապագոսյան կղզիներից որպես կենդանի պահածոներ։ Որպեսզի միսը թարմ մնար, կրիաներին չէին սատկեցնում մինչեւ եփելը, բայց նրանց ուտելիք ու ջուր էլ չէին տալիս։ Պարզապես շրջում էին մեջքի վրա, որ հեռու չսողան։  

Սա մենք, ի դեպ, ասում ենք ոչ խորհրդի կարգով, այլ հենց այնպես, ընդհանուր զարգացման համար։   

Իսկ վերջում ահա թե ինչ կցանկանայինք նշել։ Ոմանք սիրում են համեմատել նախկին իշխանությանը գիշատիչների հետ։ Չենք վիճում, որոշ նմանություն իսկապես գտնել կարելի է։ Բայց մակաբույծները, հավանաբար, ավելի շատ տառապանքներ են պատճառում, քան գիշատիչները։ Իսկ այսօր մենք գործ ունենք հենց մակաբույծների հետ։   

Վիրուսը գոյություն ունի միայն նրա համար, որ արտադրի է՛լ ավելի շատ վիրուսներ։ Կան բնության սիրահարներ, որոնք գումարներ են նվիրաբերում վիշապօձերի, վագրերի եւ այլ գիշատիչների պահպանության համար, բայց մի՞թե որեւէ մեկը կպայքարի հանուն մրսածության պահպանության»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ