«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Նոր Հայաստանի պայմաններում հասարակական եւ քաղաքական պայքարի հոգեբանությունը նմանվում է բռնցքամարտի հոգեբանության։ Արդեն ոչ ոք չի հետաքրքրվում գործի էությամբ։ Կարեւոր են միայն պատկանելությունը տվյալ ճամբարին, խմբին, թիմին եւ խոցելիությունը յուրաքանաչյուր առանձին վերցրած պահին։
Արփան լցվում է Սեւանա լիճը. այս պնդման իրավացիությունը (կամ կասկածելիությունը) ոչ մեկին չի հետաքրքրում։ Տեղեկության նկատմամբ վերաբերմունքը որոշվում է նրանով, թե ումից է այն գալիս։ Խորիմաստ արտահայտություն տալով դեմքներին՝ բոլորը սկսում են դատողություններ անել արտահայտության հեղինակի իրական մտադրությունների մասին։ Ենթադրել, որ աշխարհագրական իրողությունը գոյություն ունի ինքնըստինքյան, անկախ քաղաքական հակառակորդի կամքից, մենք արդեն ի վիճակի չենք։
Թշնամու յուրաքանչյուր գործողություն անպայման պարունակում է «մերոնց» դեմ ուղղված ինչ-որ բան, եւ պատասխանել հարկավոր է ողջ թափով, միայն հարկավոր է սպասել մինչեւ նա, բռնցքամարտի լեզվով ասած, «բացվի»։
Դեռեւս վաղեմի ժամանակներից հայտնի եւ բազում դարաշրջաններում պաշտոնական հռչակված «ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է» սկզբունքը կրկին դառնում է ընթացիկ բոլոր իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքի հիմքը։ Ըստ որում՝ դրան հետեւում են նաեւ նրանք, ովքեր խոսքով այդ սկզբունքը կտրականապես ժխտում են։
Ավելին՝ բառերը կարելի է փոքր-ինչ վերադասավորել, եւ կստացվի հասարակական-հոգեբանական իրավիճակի է՛լ ավելի ստույգ բնորոշում. «ով մեր դեմ է, նա ամեն պարագայում եւ ընդմիշտ մեզ հետ չէ»։
Ընդդիմախոսից բխող ամեն ինչ կանխահայտորեն համարվում է չարանենգ խարդավանք, որի նպատակը վնաս հասցնելն է։ Գոյություն չունեն հասարակությանն օգտակար գաղափարներ եւ նախագծեր, ամեն ինչի հետեւում կանգնած են մեկ թիմի շահերն ու մյուսի ոտնահարումը։
Ժամանակին Ալկիվիադեսը կտրեց իր շան պոչը, եւ ողջ Աթենքը քննարկում էր միայն այդ արարքը։ Ընկերները հարցրին Ալկիվիադեսին, թե ինչո՞ւ նա այդպես վարվեց։ «Որպեսզի Աթենքը քննարկի միմիայն դա եւ ուրիշ ոչինչ»,- պատասխանեց Ալկիվիադեսը։ Մեր նորությունները չափազանց ցածրորակ են դարձել։ Դրանցից հիմնականում շան պոչի հոտ է գալիս։
Ամենահետաքրքիրն այն է, որ ստեղծված իրավիճակը մշտապես ներկայացնում է այդօրինակ աշխարհայացքի իրավացիությունը հաստատող ապացույցներ։ Առաջանում է յուրօրինակ արատավոր շրջան. բռնցքամարտի հոգեբանությունը թելադրում է համապատասխան գործողություններ, իսկ դրանք, իրենց հերթին, ամրապնդում են «խփիր առաջինը» հոգեբանությունը։
Սկզբում երեւութականություն է առաջանում, թե հակառակ կողմը մտադիր է ինչ-որ սարսափելի հարված հասցնել։ Հետո հայտնաբերվում եւ իրականացվում է սարսափելի մտադրության (նկատեք՝ մտացածին) «համարժեք» պատասխանը։
Պատասխանն այդ արդեն միանգամայն իրական է, որին արձագանքն էլ բնական է. այ, տեսնո՞ւմ եք՝ ինչ արեցին նրանք։ Դե, սպասե՛ք, մենք միայն կհամբերենք, մինչեւ բացվեք, եւ այդժամ կհասցնենք ձեր մռութին։ Եվ ձնագունդը գլորվում է։
Խախտվում են խաղի բոլոր կանոնները։ Քաղաքացիական պատերազմի ամենաթեժ պահին Եկատերինոսլավում Ն.Ի.Բուխարինը պատմում էր կարմիրբանակայիններին. «Հաճախ եմ լինում Չիչերինի աշխատասենյակում... Վախեցնե՛նք, ասում եմ, Ֆրանսիային։ Դե, մի նոտա ուղարկիր Վարշավա։ Եվ Չիչերինը վախեցնում է...
Մենք Չիչերինի հետ հռհռում ենք, իսկ Վարշավայից տելեգրաֆով ֆրանսիական իմպերիալիստների կողմից մեզ մոտ է թռչում տագնապահույզ ու լուրջ պատասխանը։ Մենք, ուրեմն, կատակ ենք անում, իսկ նրանք լուրջ են ընդունում։ Մենք՝ զվարճանքի համար, իսկ նրանք բռնում են գլուխները, ու ձեռքերն էլ դողդողում են։
Այո, ընկերներ, կոմունիստական կուսակցության իրականացրած պատմական մեծ առաջընթացի տարիներին միջազգային քաղաքական գործիչները անպատրաստ եղան դիվանագիտության այն ձեւերին, որոնք առաջադրեց մեզ Իլյիչը, եւ որոնք այդչափ սպառիչ ու նրբորեն ըմբռնեց ու հասկացավ ընկեր Չիչերինը, թեեւ նա նույնպես ցարական հին դիվանագետ է»։
Ահա Նոր Հայաստանի ներքին ու արտաքին դիվանագիտության էությունը։ Բուխարինի ժամանակներից ի վեր ոչինչ չի փոխվել։ Քաղաքական բռնցքամարտ է, եւ դրանով ասված է ամեն ինչ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը