«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Դեռ նախօրեի երեկոյից սկսած՝ ցանցային լրատվամիջոցների հիմնական թեման Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկության մասին չստուգված տեղեկություններն էին՝ զանազան հավելումներով ու մեկնաբանությունների ուղեկցությամբ:
Երեկ, արդեն կեսօրից հետո, պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը Երեւանում հանդիպում է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հաղորդեց. «Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր»:
Բյուջեն, իհարկե, կարեւոր է: Սակայն քիչ հավանական է, որ Արցախի նախագահն ու վարչապետի պաշտոնակատարը հանդիպման ընթացքում քննարկած չլինեն այն հարցերը, որոնց շուրջ նման աղմկոտ հետաքրքրություն է առաջացել:
Ինչ է, ի վերջո, կատարվում Արցախում, ինչպես առաջներում կասեին՝ «եւ նրա շուրջ», տվյալ պարագայում՝ պաշտպանության բանակի ղեկավարության, առհասարակ Արցախի իշխանությունների հետ:
Դիտարկվող չստուգված, բայց ինտենսիվ տարածվող տեղեկությունները, նկատենք, վերաբերում են ոչ միայն ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի, այլեւ Արցախի նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանի եւ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի պաշտոնանկություններին:
Քիչ թե շատ տեղյակ մարդիկ հասկանում են, որ դա նշանակում է միաժամանակ չեզոքացնել Արցախի՝ անվտանգության ու պաշտպանունակության համար առաջնահերթ պատասխանատուներին, որ, ի լրումն, ազատամարտի անմիջական ու նկատելի մասնակիցներ են, մարտական հրամանատարներ, որոնց շատերը ընկալում են որպես իրական լեգենդ:
Հետաքրքիր է եւ այն հանգամանքը, որ «Հայկական ժամանակի» կայքը տեղեկություն տարածեց, թե դեկտեմբերի 13-ին համապատասխան հրամանագրեր են լինելու Արցախի նախագահի կողմից: Ավելորդ է ասել, որ «Հայկական ժամանակը» իշխանության անմիջական խոսափողն է, ու նշված տեղեկությունը հանրությունն ընկալեց գրեթե որպես «լուծված հարց»:
Հետո սկսվեց արդեն հերքումների շարքը: Չնայած այդ արձագանքներն էլ դասական իմաստով հերքում չես համարի: Մասնավորապես Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը, տարածված լուրերին արձագանքելով, ընդամենը նշել էր, որ ինքը նման տեղեկություն չունի: Նույնը՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել էր, որ վերոհիշյալ պաշտոնյաների ազատման հրամանագրեր չկան, բացի այդ հորդորել էր հետեւել պաշտոնական լրահոսին. «Ցանկացած տեղեկության համար պետք է այցելել Արցախի Հանրապետության նախագահի կայքէջ եւ առաջնորդվել միմիայն պաշտոնական տեղեկատվությամբ։ Մենք երբեք հասարակությունից որեւէ բան չենք թաքցնում»։
Երեկ առավոտյան տարածվեց արդեն ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի արձագանքը: Մասնավորապես իր պաշտոնանկության մասին լուրերի վերաբերյալ Լեւոն Մնացականյանը պատասխանել է, թե դեռ ոչնչից տեղյակ չէ, ապա հավելել. «Ես իմ պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել»:
Սա, այսպես ասենք, մեծ ուշադրության արժանացած ու իրական անհանգստություն հարուցած հարցին առնչվող ամփոփ լրահոսն է: Իսկ ի՞նչ կա այս ամենի տակ:
Հատկապես ցանցային տիրույթում, ի շարս այլազան արձագանքների, ուշադրություն էին գրավում նաեւ այնպիսի դիտարկումներ, թե Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, «լուծում է» արցախյան այն զորահրամանատարների պաշտոնավարման հարցը, որոնք հանդգնել էին քարոզարշավի օրերին հակադարձել նախ՝ Սասուն Միքայելյանի անընկալելի արտահայտությանը, թե՝ իշխանափոխությունը Արցախի ազատամարտից կարեւոր էր, ապա՝ հենց Փաշինյանի սխալ արտահայտություններին, թե՝ Արցախի ղեկավարների տղաները զինված ուժերում չեն ծառայել:
Դա, իհարկե, առաջինն էր, ինչ կարող էր անցնել դեպքերի ընթացքին հետեւող յուրաքանչյուր մարդու մտքով, մանավանդ որ կարծեցյալ պաշտոնանկության լուրերում հիշատակվող անուն-ազգանունները մեկին մեկ համընկնում էին Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին արձագանքած գործիչների անուններին:
Ի դեպ, ընդհանուրի շարքում հետաքրքրեց ԱԺ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ «Անկախ» թերթին երեկ տված հարցազրույցում այս խնդրին արված անդրադարձը. «Հայաստանը երբեք չի միջամտել Ղարաբաղի ներքին հարցերին, մանավանդ բանակի գործերին: Մենք օգնել ենք իրար, համագործակցել ենք, խորհուրդներ ու առաջարկություններ ենք տվել, բայց երբեք չենք խառնվել ներքին գործերին: Բանակի հարցում երբեք չի դրվել քաղաքական պատկանելության, հայացքների հարց, անձնական հավատարմության հարց:
Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության յուրաքանչյուր միջամտություն Արցախի եւ նրա բանակի գործերին, յուրաքանչյուր անհարգալից, անընդունելի հայտարարություն Արցախի ղեկավարների հասցեին կործանարար է եւ անշտկելի վնասներ է հասցնում մեր ընդհանուր անվտանգությանը:
Ես կոչ եմ անում ՀՀ իշխանություններին՝ զերծ մնալ այս գործելակերպից, եւ կոչ եմ անում մեր հասարակությանը՝ իր ձայնը բարձրացնել այս երեւույթի դեմ, քանի դեռ չենք կրել անվերադարձ կորուստներ»:
Մյուս կողմից, հետաքրքիր է եւ այն, որ ընտրություններից առաջ ակտիվ քաղաքական ուժերի ու նրանց ներկայացուցիչների կողմից չկան արձագանքներ: Թերեւս սպասման ռեժիմի մեջ են՝ տեսնեն, թե ինչ կլինի, հետո՝ արտահայտվեն:
Նկատենք նաեւ, որ Լեւոն Մնացականյանը Արցախի պաշտպանության բանակի ամենեւին էլ առաջին հրամանատարը չէ: Նկատի ունենք, որ նախկինում ու ոչ մեկ անգամ ԼՂՀ ՊԲ ղեկավարություն է փոխվել, սակայն ոչ մի դեպքում նման մեծ ու լարված ուշադրություն չի եղել փաստացի կատարված փոփոխությանը, էլ ուր մնար՝ չհաստատված տեղեկություններին:
Մինչդեռ այս անգամ արձագանքների մեջ տիրապետողը տագնապն էր, անհանգստությունը Արցախի, առհասարակ Հայաստանի պաշտպանունակության վերաբերյալ: Իսկ տագնապները ձեւավորվում են այն ժամանակ, երբ մարդիկ, հասարակությունը ռեալ տեսնում են, որ ինչ-որ բաներ են կատարվում, սակայն չեն կողմնորոշվում, թե՝ ինչ, ի լրումն՝ իշխանություններից ու քաղաքական էլիտայից առհասարակ չեն ստանում իրենց տագնապները փարատող ակներեւ ազդակներ:
Ու ամենից վատն այն է, որ դրանք վերացական տագնապներ չեն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը