13 12 2018

Վետերանների երկրորդ երիտասարդությունը․ «Հայոց աշխարհ»

Վետերանների երկրորդ երիտասարդությունը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ժամանակին կարծում էինք, թե հետընտրական գործընթացները հայոց աշխարհում նման են կինոթատրոնում ֆիլմ դիտելուն։   

Նստած ենք մութ դահլիճում, ադիբուդի ենք ուտում, հետեւում իրադարձությունների զարգացմանը, քաջ գիտենալով, որ ամեն ինչ կավարտվի ինչպես հարկն է։ Հաղթողները կսթափվեն հոգնեցուցիչ քարոզարշավից հետո, կշնորհավորեն մեկմեկու, կորոշեն, թե ով ինչով է զբաղվելու եւ կսկսեն աշխատել։  

Սակայն այս ընտրություններից հետո նման զուգահեռը այնքան էլ կոռեկտ չի թվում։ Այնուամենայնիվ կինոթատրոնում հանդիսատեսները հեռու են ներկայացումից։ Այնտեղ չկա ներկայության էֆեկտ։ Չկա իրական ժամանակի ռեժիմ։  

Անհամեմատ հարմար է այդ առումով կրկեսը, որտեղ գեղարվեստական ու դրամատիկ գործողությունը ընթանում է անմիջականորեն մեր աչքի առաջ, եւ յուրաքանչյուր նոր հնարք առաջացնում է հրճված հանդիսատեսի անկեղծ «ա՛խ»-ը։  

Հանդիսատեսը մշտապես կանխավայելում է նորանոր անակնկալներ։ Ի՞նչ է սպասվում երկրորդ մասում։ Ինչպիսի՞ աղավնի կհանի թեւքից աճպարարը։   

Կրկեսի արենայում այս օրերին խայտող աճպարարների շարքում չէր կարող ուշադրություն չգրավել «Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, որին բոլորը հիշում են դեռեւս հհշական ժամանակներից։  

Մարդն ակնհայտորեն երկրորդ երիտասարդություն է ապրում։ Դե, ինչ, առաջին երիտասարդություն ապրելը լավ է, երկրորդը՝ է՛լ ավելի լավ։ Դրանով է մեծապես բացատրվում քաղաքական խաղացողների արդեն ոչ երիտասարդ սերնդի ներկայիս խանդավառությունը։  

Ծերությունը երբեմն երիտասարդության բավական լավ պատրանք է եւ, ինչպես պարզվում է, ուշ խորհրդային երգերի հեղինակները այնքան էլ չէին կեղծում, երբ գրում էին քայլերգանման «Եվ մարտն է կրկին շարունակվում, // Եվ սիրտն է կրծքում բաբախում»։   

Նրանց սխալը այն էր, որ այդուհետ հաջորդում էր «Լենինն՝ այնքան երիտասարդ, եւ պատանի Հոկտեմբերն՝ առջեւում», ինչը փչացնում էր ողջ տպավորությունը։ Իսկ առանց Լենինի ու Հոկտեմբերի, թերեւս, միանգամայն խանդավառ երգ ստացվեր։  

Թեպետ ոմանց մոտ առաջին, ոմանց մոտ՝ երկրորդ երիտասարդություն, բայց աստեղային ժամեր ապրելու պահանջն, ըստ երեւույթին, անմար է մարդկային էության մեջ։  

Ի դեպ, այն, որ պետք է մանուկ լինել սրտով, բայց ոչ ուղեղով, իսկ մանկության հակառակ տարբերակն անարդյունավետ է, ասված է վաղուց։ Բայց Իգիթյանի պարագայում ականատես ենք այն տարբերակին, երբ ո՛չ ուղեղը, ո՛չ սիրտն ընդհանրապես չեն օգտագործվում։   

Այլապես չէր դնի յուր փխրուն ուսերին այդչափ ծանր բեռ. սովորեցնել ընդդիմությանը, մասնավորապես Հանրապետականին, թե ինչ անել ու ասել, ինչպիսի պահվածք դրսեւորել եւ այսպես շարունակ։  

Ըստ որում՝ արտահայտվում է Իգիթյանը բավական խուճուճ, ինչը նույնպես վկայում է երկրորդ երիտասարդության մասին։ Չէ՞ որ խուճուճ խոսելը պատանեկության մենաշնորհն է։ Այդ տարիքում բոլորն են խուճուճ խոսում։ Պարզ խոսելը հասունության մենաշնորհն է։   

Եթե պատանի հասակում ասում են, օրինակ. «Չե՞ք բարեհաճի արդյոք, պարոն, ինձ փոխանցել կապարային նողկալի տպագիր արդյունաբերության սույն արժանավորագույն արտադրանքը, որը հոգում է իմ գանգուղեղի սանիտարահիգիենիկ վիճակի մասին», ապա հասուն տարիքում կասեն՝ «տուր թերթը»։   

Լավ, մի՞թե այս բոլոր հին ու նոր «հեղափոխականները» բոլորովին ասելիք չունեն, բացի Հանրապետականին փնովելուց։ Կառավարությունը ձերն է, խորհրդարանը՝ նույնպես, օժտված եք բացարձակ իշխանությամբ, ասեք, թե ինչ եք անելու այսուհետ։ Թե չէ փայտփորիկների պես շարունակում եք զարկել նույն կետին։ Չե՞ք վախենում, որ գլուխներդ կցավի։  

Ի դեպ, չինացիները վերջերս պարզել են, թե ինչու ծառին անդադրում հարվածող փայտփորիկի գանգը չի փշրվում ահավոր ծանրաբեռնումից։ Համեմատելով պտավոր մեծ փայտփորիկի եւ արտույտի գանգի ու կտուցի կառուցվածքը՝ գիտնականները եկան հետաքրքիր եզրակացության։  

Եթե այդ թռչունների կտուցների ամրությունը մոտավորապես համանման է, ապա փայտփորիկի գանգը ավելի քան 10 անգամ ամուր է։ Պատճառը ոսկրային հյուսվածքի միկրոկառուցվածքի տարբերությունն է, ավելի կոնկրետ, տրաբեկուլաների՝ գանգի ոսկրային թերթիկների միջեւ մեխանիկական պահանգները։  

Փայտփորիկի պարագայում դրանք տարբերվում են ձեւով ու հաստությամբ, բացի դրանից, դրանց միջեւ արանքներն անհամեմատ փոքր են։ Այդ ամենն ավելի կայուն է դարձնում «կառուցվածքը» դեֆորմացիաների նկատմամբ։   

Թեպետ, հանգիստ թողնենք սրանց գանգերը եւ ուշադրություն դարձնենք հետեւյալ հանգամանքին։ Ի՞նչ նպատակով իշխանություն վերադարձան Իգիթյանն ու քաղաքական դաշտի երկրորդ երիտասարդություն ապրող մյուս հնաբնակները։ Տարրական տրամաբանությունը հուշում է, որ վերադարձան իշխանությունը վերցրած ջահելներին սովորեցնելու համար։   

Նրանք պետք է ստեղծեին Կոնֆուցիոսի շրջիկ դպրոցի պես մի բան, որը մեծ հաջողություն էր վայելում. դրա ունկնդիրներին լավ պաշտոնների էին հրավիրում տարբեր թագավորություններում։ Կոնֆուցիոսի գլխավոր աշխատությունը՝ մեր օրեր հասած «Լուն յույը» («Զրույցներ եւ դատողություններ»), Ուսուցչի հետ պարապմունքների կոնսպեկտների ժողովածու է։  

Փառք եւ բարձր կոչումներ Կոնֆուցիոսն այնուամենայնիվ ստացավ, բայց միայն մահից հետո։ Երկնատակի կայսրության չինական եւ «բարբարոսական» դինաստիաների տիրակալները հետմահու պարգեւատրում էին Կոնֆուցիոսին բարձրագույն տիտղոսներով ու կոչումներով, որոնցից մեկը մեծ տարածում գտավ. Կատարյալ իմաստուն Ուսուցիչ։   

Այ թե ումից պետք է օրինակ վերցներ ողջ այդ «հին գվարդիան», այլ ոչ թե զբաղվեր Փաշինյանին գովերգելով ու Հանրապետականին թիրախավորելով։ Դա կարող են անել եւ անում են իշխանավոր դարձած ավելի երիտասարդ փողոցային ակտիվիստները։  

Չէ՞ որ Իգիթյանն ու մյուսները անկեղծորեն համարում են իրենց ինտելեկտուալներ։ Իսկ ո՞րն է իսկական ինտելեկտուալների առաքելությունը։  

Ոչ վաղ անցյալի մեծ մտածողները՝ Մաքս Վեբերից մինչեւ Կարլ Փոփեր, Յուրգեն Հաբերմասից մինչեւ Ալբեր Քամյու, տառապագին մտածում էին ինտելեկտուալների առաքելության մասին։ Նրանց մտորումները 90-ական թվականներին ամփոփեց Ռալֆ Դարենդորֆը, որի միտքը կարելի է հանգեցնել ահա այսպիսի աքսիոմի. ինտելեկտուալները պատասխանատվություն են կրում հասարակության առջեւ։ Այնտեղ, որտեղ նրանք լռում են կամ խոսում բնավ ոչ այն մասին, ինչն անհրաժեշտ է, հասարակությունը կորցնում է իր ապագան։ Եթե այդ աքսիոմը ճիշտ է, ապա Նոր Հայաստանի «հեղափոխական» իշխանության ապագան տխուր է։   

Գերմանացի դրամատուրգ Պետեր Վայսը Ֆրանսիական հեղափոխության ժամանակներին նվիրված մի պիես ունի։ Անվանումը բավականաչափ խուճուճ է. «Ժան Պոլ Մարատի հետապնդումն ու սպանությունը՝ ներկայացված Շարանտոնի հոսպիտալի դերասանական խմբի կողմից՝ պարոն Դը Սադի գլխավորությամբ»։   

Ահա այսպես, կրկնակի, նույնիսկ եռակի հայելու մեջ։ Քառակուսի բարձրացված խելագարություն։ Մինուսը, սակայն, չի դառնում պլյուս։ Ծիծաղն արդեն ոչ թե դառն է, այլ առավել քան։  

Համանման մի ներկայացում էլ մենք դիտում ենք այսօր բոլոր այդ իգիթյանների կողմից։ Ափսո՛ս, հետընտրական ժամանակահատվածը կարելի էր օգտագործել շատ ավելի արդյունավետ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ